Շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով, ասել է ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը»,-Facebook-ի իր էջում հայտնել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականում իրեն մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներին, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են իրենց կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։
«Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ», -նշել է ֆուտբոլիստը: