Լուսինե Վարդանյան, Բրյուսել
Հայաստանը Եվրոպական միության երկրներից մեկի հետ ակտիվ աշխատում է վերականգնվող էներգետիկայի պահեստավորման կարողություններ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին Սիվիլնեթի հետ զրույցում ասել է Եվրամիությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։
Դեսպանի խոսքով՝ «Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ավելի շատ Էլեկտրաէներգիա է արտադրում, քան կարողանում է սպառել»։ Կառավարության նպատակն է մինչև 2030-ը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։
Ներկայում Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանում է միայն Վրաստան և Իրան։ Ըստ դեսպանի՝ «տեսականորեն հնարավոր է նաև, որ մյուս երկու հարևաններին էլ վաճառի»։
Սակայն Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը սինքրոն չեն աշխատում, ինչի արդյունքում առևտրի սահմանափակումներ կան։ Խնդիր է նաև արևային էներգիայի՝ քսանչորսժամյա ռեժիմում հասանելիության և կուտակիչ կայանների բացակայությունը։
Տիգրան Բալայանը նաև կարծում է, որ «կան Սևծովյան ստորջրյա մալուխի ծրագրին մասնակցելու բոլոր հնարավորությունները»։
Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը ենթակառուցվածքային նախագիծ է, որն ուղղակիորեն կմիացնի Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերը, իսկ ավելի լայն համատեքստում՝ Հարավային Կովկասը և Հարավարևելյան Եվրոպան: Ծրագրին մասնակցում են նաև Հունգարիան, Բուլղարիան և Ադրբեջանը։ Հայաստանի մասնակցությունը նախկինում հնարավոր են համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Տիգրան Բալայանի խոսքով՝ «Հայաստանում այլընտրանքային, մասնավորապես՝ հողմային էներգետիկայում շուրջ բանակցություններ և քննարկումներ են ընթանում եվրոպական ներդրողների հետ, բայց հարկավոր է, որ Հայաստանը զարգացնի պահեստավորելու և արտահանելու կարողությունները»։
Հայաստանի աշխարհագրությունն արդյոք նպաստավո՞ր է հողմային էներգետիկայի զարգացման համար։
«Ես էներգետիկայի փորձագետ չեմ։ Իմ գլխավոր խնդիրն եմ համարում Հայաստան ներդրումներ բերելը և նույն քամու էներգիայի մասին քննարկումներն այս համատեքստում են տեղի ունեցել, սակայն այս պահին սառեցված են»,- ասաց Տիգրան Բալայանը։
The post Հայաստանը բանակցում է ԵՄ անդամ երկրի հետ էլեկտրաէներգիայի պահեստավորման կարողություններ ստեղծելու ուղղությամբ․ դեսպան appeared first on CIVILNET.