Վարչապետի կյանքի զուգընկերը հրապարակային գրառմամբ տեղեկացրեց, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը ստացել է իրավական ամրագրում։ «Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է»,- գրել է Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում։ Այս ձեւակերպումը փաստացի արձանագրում է, որ մինչ այս պահը նրանց համակեցությունը իրավաբանորեն ամուսնություն չէր համարվում, այլ գոյություն ուներ ոչ ֆորմալ կարգավիճակով։ Այսօր կատարված գրանցումը, հետեւաբար, ոչ թե խորհրդանշական քայլ է, այլ իրավական նոր հանգամանք, որը փոխում է Փաշինյանի եւ Հակոբյանի միջեւ եղած նախկին հարաբերության պետական-իրավական ընկալումը։
Այս փաստն ինքնին առաջ է բերում սկզբունքային իրավաքաղաքական հարց․ եթե մինչ այժմ հարաբերությունը իրավաբանորեն ամուսնություն չէր, ապա ինչ իրավական հիմքով են տարիներ շարունակ պետական միջոցներով ապահովվել վարչապետի կյանքի զուգընկերոջ կեցությունը կառավարական ամառանոցում, նրա տեղաշարժերը երկրի ներսում, արտասահմանյան ուղեւորությունները, անվտանգության ապահովումը, սպասարկող ենթակառուցվածքների օգտագործումը եւ այդ ամենին ուղեկցող ծախսերը պետական բյուջեից։ Ի հայտ է գալիս, որ պետական ռեսուրսների օգտագործումը փաստացի հիմնավորվել է ոչ թե օրենքով սահմանված կարգավիճակով, այլ կենցաղային մի փաստով՝ վարչապետի հետ համակեցության հանգամանքով։
Այս իրավիճակը հետադարձ դիտարկմամբ իրավական հետեւանքների հարց է առաջացնում։ Պետական բյուջեի միջոցների ծախսը ենթադրում է հստակ իրավական հիմք, իսկ եթե այդ հիմքը փաստացի գոյություն չի ունեցել, ապա առաջանում է պատասխանատվության հարց՝ ոչ թե բարոյական, այլ իրավական իմաստով։ Նույնիսկ եթե գործող իշխանությունը նման հարցադրումները համարում է փակված, դա չի նշանակում, որ դրանք փակված են իրավունքի տեսանկյունից։ Հայաստանում իշխանությունը մշտական չէ, եւ ցանկացած նոր վարչակազմ պարտավոր է վերանայել նախորդների օրոք պետական միջոցների օգտագործման օրինականությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է ոչ ֆորմալ հարաբերությունների վրա հիմնված արտոնություններին։
Նոր գրանցված ամուսնությունն ապագայի համար ստեղծում է իրավական պաշտպանվածություն՝ այսուհետ կատարվելիք ծախսերը կարելի է ներկայացնել որպես օրինական հիմքով կատարված։ Սակայն այն չի կարող հետադարձորեն օրինականացնել նախկին տարիների պրակտիկան։ Ապագայում, երբ հարցը դրվի պետական բյուջեի հնարավոր մսխումների վերաբերյալ, անհնար կլինի հիմնավորել անցյալի համատեղ ապրելու վիճակը որպես իրավական ամուսնություն։ Այստեղ բացվում է այն վտանգավոր տրամաբանությունը, ըստ որի քաղաքական իշխանությունը իրեն օրենքից վեր է դասում եւ ենթադրում է, թե ապագայում որեւէ մեկը չի կարող պատասխանատվության կանչել անցած տարիների գործողությունների համար։
Այս ամենը նաեւ ողջամտության խնդիր է առաջ բերում։ Եթե իշխանությունը գիտակցում էր, որ փաստացի համակեցության պայմաններում օգտվում է պետական ռեսուրսներից, ապա տրամաբանական կլիներ դեռ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը այդ ժամանակ իրավական ձեւակերպում ստանար նրանց ամուսնությունը։ Այդ զույգը լիուլի ժամանակ ու հնարավորություններ ուներ նախորդ տարիներին իրավականորեն ամրագրել ամուսնությունը։ Այդ քայլը կհաներ այսօրվա բոլոր իրավաքաղաքական հարցադրումների մեծ մասը։ Այն, որ դա արվում է միայն հիմա, ցույց է տալիս ոչ թե իրավիճակի պատահական զարգացում, այլ երկար տարիներ ձգձգված մի խնդիր, որը փորձ է արվում լուծել հետաձգված կերպով՝ թողնելով անցյալի իրավական պատասխանատվության հարցը բաց։
Վերջիվերջո, հարցը վերաբերում է ոչ միայն մեկ ընտանիքի պատմությանը, այլ պետական կառավարման մշակույթին։ Երբ պետական բյուջեի միջոցները կապվում են ոչ ֆորմալ հարաբերությունների հետ, իրավական պետության գաղափարը վերածվում է ձեւականության։ Իսկ նման ձեւականությունները վաղ թե ուշ բախվում են իրականությանը։ Դա տեղի է ունենում իշխանության փոփոխության պահին, երբ քաղաքական նպատակահարմարությունը զիջում է իրավական գնահատականին։ Եթե նախկինում Փաշինյանը վստահ էր, որ կառավարման լծակներն իր ձեռքում են լինելու երկար ժամանակ (միգուցեեւ՝ մշտապես), ապա այժմ կարծես թե վարչապետի մոտ նշմարվում է մի պատկերացում, որ ի վերջո ավարտվելու է իր կառավարման շրջանը եւ հարցեր են առաջանալու այն բոլոր օրինախախտումների կապակցությամբ, որոնք ակնհայտ են այսօր։ Կարծես թե կարիք է առաջացել իրավաբանորեն ամրագրել սեփական կարգավիճակը, այն դեպքում, որ դա միեւնույնն է չի ազատելու այդ մարդկանց պատասխանատվությունից՝ նախկինում կատարված անօրինական ծախսերի ու վճարումների համար։