18-ամյա Սեդան վստահ է. «Եթե սիրում ենք մեր երկիրը, անտարբեր լինել չեն կարող»

Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա:
2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։
«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու:
Այս անգամ մեր զրուցակիցը 18-ամյա Սեդա Ստեփանյանն է՝ Երեւանից։
Կյանքը 18-ից հետո
Սեդայի չափահաս դառնալը համընկել է ընտրական տարվա հետ։ Մեկ ամիս առաջ 18 տարին լրացած աղջիկն այս տարի ոչ միայն անձնական կարեւոր որոշումներ է կայացնելու, այլեւ առաջին անգամ մասնակցելու է ընտրություններին։
«Հաճախ էի մտածում՝ 18-ից հետո մարդու կյանքում ի՞նչ է փոխվում։ Փոքր ժամանակ թվում էր՝ չափահաս դառնալուց հետո ամեն ինչ կտրուկ կփոխվի։ Հիմա հասկանում եմ՝ փոփոխությունները շատ չեն, բայց կան հստակ իրավունքներ, որոնք ձեռք ես բերում հենց 18-ից հետո։ Դրանցից մեկն ընտրություններին մասնակցելն է»,- ասում է նա։
18 տարեկան դառնալը միայն իրավունքներ ունենալու մասին չէ, այլեւ՝ պատասխանատվության. «Պետք է գիտակցես, որ յուրաքանչյուր քայլիդ ու ընտրությանդ պատասխանատուն դու ես»։
«Ընտրությունները կարող են նաեւ ռիսկային լինել»
Սեդան սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12-րդ դասարանում։ 
Մինչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, նրա կյանքում «ընտրելու» ակտիվ փուլն արդեն սկսվել է։ Արդեն որոշել է ապագա մասնագիտությունը, այժմ մնում է ընտրել բուհը։
«Քննական շրջանը նոր է ավարտվել։ Արդեն հավաքել եմ այն միավորները, որոնցով կարող եմ ընդունվել իմ նախընտրած՝ Կառավարման ֆակուլտետ։ Հիմա պետք է որոշեմ՝ որ համալսարանում շարունակեմ ուսումս։ Դեռ մտորումների փուլում եմ, բայց, հավանաբար, ընտրությունս կկանգնի Հայ-ռուսական համալսարանի վրա. այդտեղի միջավայրն ինձ հոգեհարազատ է»,- ասում է նա։
Սեդան խոստովանում է՝ կյանքում կատարած ընտրությունները երբեմն կարող են ռիսկային լինել, կարող ես նաեւ սխալվել: Սա նրան վախեցնում է, բայց այդ վախը չի կաշկանդում որոշում կայացնելու պահին. «Կարծում եմ, եթե որեւէ որոշում եմ կայացրել, ուրեմն ենթագիտակցորեն պատրաստ եմ եղել դրան։ Եթե արդեն կատարել եմ ընտրություն, տվյալ պահին դա լավագույն տարբերակն էր։ Նույնիսկ, եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ սխալվել եմ, մտածում եմ, որ հետագայում ճիշտ գործողություններով կարող եմ ազդել դրա հետեւանքների վրա եւ ուղղել իրավիճակը»։
Ընտրության գնալուց առաջ 
«Սովորում եմ այնպիսի միջավայրում, որտեղ խրախուսվում է սեփական կարծիքի արտահայտումը, քննարկումներին մասնակցելը, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումները։ Այդ ամենը օգնում է ձեւավորել մեր տեսակետը, սովորել ուսումնասիրել եւ հիմնավորել սեփական կարծիքը։ Հենց այդ քննարկումների շնորհիվ էլ այսօր որոշակի պատկերացում ունեմ ընտրությունների մասին»,- ասում է Սեդան։
Սեդան մասնակցել էր 2024 թվականին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպված «Վանոն ու Վազգենը․երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի քննարկմանը:
Եթե մինչ այժմ նա ընտրություններին հետեւում էր «կողքից», այժմ արդեն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացի է, բայց հասցրել է ուսումնասիրել ու հետեւել, թե ինչպես են ընտրություններին մասնակցում ծնողներն ու բարեկամները, ինչի վրա են ուշադրություն դարձնում։
Առաջին անգամ ընտրության գնալուց առաջ Սեդան փորձում է մանրամասն ուսումնասիրել քաղաքական ուժերի ծրագրերը. «Սկզբում կարծում էի՝ կարեւոր է միայն ծրագիրը, իսկ թե ով է դրա հետեւում՝ երկրորդական։ Հիմա հասկանում եմ, որ պետք է նաեւ մարդկանց ուսումնասիրել։ Հիմնականում հետեւում եմ բանավեճերին, դիտում, թե ինչպես են արտահայտվում, ինչպես են ներկայացնում իրենց գաղափարները։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդը կարողանա հստակ ու վստահ ներկայացնել այն, ինչ պատրաստվում է անել»,- նշում է նա։ 
Սեդան հուսով է՝ քարոզարշավի ընթացքում իր որոշումն ավելի հստակ կձեւավորվի։
Թեման հաճախ է քննարկում նաեւ ընկերների հետ. «Նրանցից ոմանք դժվարանում են կողմնորոշվել կամ մտածում են, թե իրենց ձայնից ոչինչ կախված չէ, բայց եթե այդպես մտածի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսը, կարող է ստացվել, որ ձայների 50 տոկոսը պարզապես չօգտագործվի։ Սա շատ վատ ցուցիչ է: Անկախ ամեն ինչից՝ մարդիկ պետք է գնան ընտրության, թեկուզ որեւէ ուժի չընտրեն: Հաճախ հենց ընտրության չմասնակցածներն են ամենաշատը բողոքում ու քննադատում։ Չես կարող չանել քեզնից պահանջվողը, չփորձել որեւէ բան փոխել, իսկ հետո բողոքել»:
«Եթե սիրում ենք մեր երկիրը, չենք կարող անտարբեր լինել»
Սեդայի համար ընտրություններին մասնակցելը եւ՛ իրավունք է, եւ՛ պարտավորություն։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի ընտրությամբ, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է այդ գործընթացի մասնակիցը դառնա։
«Պետք է ձեւավորվի մասնակցության մշակույթ, որպեսզի մարդիկ ընտրություններին գնան գիտակցված։ Եթե բոլորս համախմբվենք, կարող ենք ունենալ այն ապագան, որը ցանկանում ենք։ Հատկապես երիտասարդների շրջանում պետք է բարձրացնել հետաքրքրությունն ընտրական գործընթացների նկատմամբ։ Թեեւ մասնակցել կամ չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց կարեւոր է, որ ձեւավորվի ներքին պատասխանատվության զգացում։ Ես էլ երբեմն անտարբեր եմ եղել որոշ հարցերի նկատմամբ, բայց եթե ինչ-որ մեկը նկատում է այդ անտարբերությունը եւ փորձում է խոսել դրա մասին, կարող է ազդեցություն ունենալ ու փոխել մեր վերաբերմունքը: Պիտի նախաձեռնող լինենք՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես ընտրող»,- ասում է նա:
Սեդայի համոզմամբ՝ եթե ինչ-որ բան սիրում ես, չես կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ. «Եթե սիրում ենք մեր երկիրը, չենք կարող անտարբեր լինել նրանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment