Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Պետական ռեգիստրի գործակալության 2025 թ․ հաշվետվությունը, որտեղ նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում 545 պետական գրանցման գործ է ուսումնասիրվել օրենքով սահմանված ժամկետներից ավելի կարճ ժամկետում։ Արդյունքում, պետական բյուջեում ապահովվել է 19.820.000 դրամ մուտք։ Լրացուցիչ վճարի դիմաց կազմվել է շուրջ 369 գործով գրանցման ներկայացվող փաստաթղթերի փաթեթ, որի արդյունքում հավաքագրվել և պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 8 մլն դրամ։
Գործակալությունում կատարվել է շուրջ 75440 գրանցում/հաշվառում, որից 39565-ը անհատ ձեռնարկատերերի հաշվառում է, իսկ 2025 թ․ ընթացքում իրականացվել է մոտ 25000 իրավաբանական անձի փոփոխության պետական գրանցում։ Գործակալության պետ Տաթև Մկրտչյանը նաև զեկուցել է, որ Կենտրոնական բանկ է ներկայացվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով տեղեկացման ենթակա համարվող գործարքների վերաբերյալ 597 հաշվետվություն։