2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025-2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և Ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարն ու արդյունավետ և շարունակական գործընկերության համար շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Leave a comment