«Եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, նման ակցիա անցկացնելու խնդիր ընդհանրապես չպետք է լիներ: Որովհետեւ պետք է ունենայինք իշխանություն, որն ադեկվատ պատասխանում է Ադրբեջանի քայլերին, հակաքայլեր է անում, կամ ինքն է օրակարգ ձեւավորում: Բայց, քանի որ Ալիեւի հարցազրույցից անցել է 4-5 օր, եւ տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունը տոտալ անգործության մեջ է, ստիպված մենք ենք ինչ-որ քայլեր անում՝ ցույց տալու, որ ՀՀ հասարակաւթյունը համերաշխ չէ ստեղծված իրավիճակին»,- այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքն անտեսվում է՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով «Ցանկացած քաղաքացի իր դիրքորոշումը հայտնելով՝ միջազգային կառույցներին պետք է ստիպի այս խնդիրներով զբաղվել: Ալիեւի՝ հատկապես Մյունխենում տված հարցազրույցից ու ելույթից հետո, ինձ համար ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել: Ի՞նչ էր ասում Ալիեւը, թողնենք Սահմանադրությունը փոխելու պահանջը, մնացած բաները, որ անընդհատ հնչել է: Մի հրեշավոր միտք է հայտնել Ալիեւը, նա բռնապետական Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ, մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր մարդիկ: Դա նշանակում է՝ ՀՀ-ին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակ: Սա լոկալ մի դրվագով ցույց է տալիս, որ Ադրբեջանը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդել պատկերացնում է ՀՀ-ին կապիտուլյացիայի պահանջի պարտադրում ամբողջական փաթեթով»:
Ըստ նրա՝ Ալիեւի այդ հրեշավոր հայտարարությանն արդեն մի քանի օր է՝ չի պատասխանում ՀՀ իշխանությունը, որովհետեւ մտածում է՝ իմիտացիոն խաղաղության պատրանքն իրենց օգնելու է վերարտադրվել, իսկ եթե մի բան ավելի խոսեն, Ալիեւը շատ կոշտ կհակազդի, խաղաղության իմիտացիան կփլուզվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: