Իրանն ունի միջոցներ ամերիկյան ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից հնչող ռազմական սպառնալիքները։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնн իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն:
Թեհրանում Թավրիզի ապստամբության տարելիցին նվիրված հանդիպման ժամանակ Խամենեին անդրադարձել է աշխարհի հզորագույն բանակն ունենալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
«Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը երբեմն կարող է ստանալ այնպիսի հարված, որից այլևս չի կարողանա վեր կենալ»,- նշել է Իրանի առաջնորդը՝ հավելելով, որ թեև ռազմական նավը վտանգավոր գործիք է, սակայն առավել վտանգավոր է այն զենքը, որն ընդունակ է այն ուղարկել ծովի հատակը։
Այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ իրանական համապատասխան մարմինները լիովին պատրաստ են դիմակայել սպառնալիքներին, և կոչ է արել ժողովրդին հանգիստ շարունակել բնականոն կյանքը։ Նա նաև նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները գիտակցում են հնարավոր հաշվարկային սխալի հետևանքները և, ըստ նրա, ԱՄՆ-ն ներկայումս չունի նման սպառնալիքներն իրագործելու կարողություն՝ հաշվի առնելով երկրի ներքին տնտեսական ու քաղաքական խնդիրները։
Իրանի հոգևոր առաջնորդը «անտրամաբանական» է որակել ԱՄՆ-ի մոտեցումը բանակցություններին։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը կոչ է անում բանակցել միջուկային էներգիայի շուրջ՝ նախապես սահմանելով, որ արդյունքը պետք է լինի Իրանի կողմից այդ էներգիայից հրաժարվելը։ Խամենեին շեշտել է, որ զսպող զենք ունենալը երկրի համար անհրաժեշտություն է և պարտադիր պայման՝ թշնամիների կողմից չճնշվելու համար։
The post Խամենեին պատասխանել է Վաշինգտոնին. «Մեր զենքն ընդունակ է նավերն ուղարկել ծովի հատակը» appeared first on CIVILNET.