Կոլեկտիվ մտածելը նշանակում է չմտածել

Որոնք էին լինելու շեշտադրումները, եթե Ժուլյեն Բենդան իր հայտնի գիրքը գրեր այսօր

Ֆրանսիացի փիլիսոփա, հրապարակախոս Ժուլյեն Բենդայի «Ինտելեկտուալների դավաճանությունը» գրքի բնագիրը հնչում է այսպես՝ «La Trahison des Clercs», որտեղ վերջին բառը թարգմանվում է որպես «կղերական»: Պարզ է, դարեր շարունակ ինտելեկտուալների հիմնական մասը կազմում էին հենց հոգեւորականները: Ի դեպ, 1946 թվականին իր գրքի երկրորդ հրատարակման մեջ հեղինակը խոսում է նաեւ բուն հոգեւորականների մասին, որոնք Գերմանիայում փռվել էին «ուժի օծյալի»՝ Հիտլերի առջեւ: Նույնն են արել 1930-ական թվականներին իսպանացի հոգեւորականները, որոնց Բենդան «ստորաքարշ» է անվանում: Մենք ծանոթ ենք, չէ՞, այդպիսի հայ հոգեւորականների:

Բայց clercs-ն այստեղ օգտագործվում է ավելի լայն իմաստով. քննադատության հասցեատերն այն բոլոր ինտելեկտուալներն էին, որոնք դավաճանեցին իրենց կոչմանը: Այստեղ վերապահում անեմ, որ «ինտելեկտուալն» Արեւմուտքում տարբերվում է մեր իմացած «մտավորականից»: Բենդան, մասնավորապես, նկատի ունի գրագետ, կրթված մարդկանց, որոնք հասարակական բնագավառում ասելիք ունեն: Դա ոչ ամբողջությամբ է համընկնում զուտ ռուսական/խորհրդային իրականության երեւույթը նկարագրող «ինտելիգենտ» բառի հետ:

Ինչո՞ւմն է, ըստ փիլիսոփայի, ինտելեկտուալների դավաճանությունը: Դա բարոյական պատասխանատվության ուրացումն է, երբ մոռանում են հավերժ արժեքները եւ սկսում են ծառայել սոցիալիզմին, ազգայնականությանը, ռասիզմին եւ այլն: Ինտելեկտուալները, որոնք պետք է հոգեւոր առումով կատարելապես ազատ լինեն, գայթակղվում են այդ տեսակի ծառայություններով: Ընդ որում, բացարձակապես կարեւոր չէ, դա անում են փողի, պաշտոնի՞ համար, թե՞ ամենայն անկեղծությամբ: Բոլոր դեպքերում, կարծում է հեղինակը, դավաճանությունը մնում է դավաճանություն:

Բենդան վստահ է, որ ինտելեկտուալը մի մարդ է, որը չի հետապնդում որեւէ պրակտիկ նպատակ, նա իր նպատակն է տեսնում իդեալների պահպանման եւ դրանք, լայն իմաստով, ուսուցանելու, դասավանդելու մեջ: Եթե ինտելեկտուալները չեն մեկնաբանում գաղափարներն իրենց բացարձակության մեջ, այսինքն՝ վերացական կերպով, այլ մոտենում են դրանց տվյալ պահի, ասենք, քաղաքական շահերի տեսանկյունից, հենց դա է, Բենդայի կարծիքով, դավաճանությունը:

2018 թվականին իշխանափոխությունն առերեւույթ ուղղված էր «նախկինների», «թալանի» եւ «երրորդ ժամկետի» դեմ: Բայց շատ արագ պարզվեց, որ «ներկաներն» այդ առումով, որեւէ առավելություն չունեն: Եվ հակառակը՝ ինձ համար պարզ դարձավ, որ իր էության, իր խորքում այդ շարժումն ուղղված է ոչ միայն մեր ինքնության, այլեւ… մտածելու դեմ: Ամբոխի մեջ բորբոքվել են այնպիսի բնազդներ, որոնք պարզապես անջատել են հասարակության մեծ մասի մեջ մտածելու «տումբլերը»:

Օրինակների հետեւից հեռու չգնալու համար բերեմ վերջին դեպքը. 2018 թվականից առաջ միջնակարգ կրթությամբ ո՞ր մարդը կհավատար, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստվում է իր ճամպրուկի մեջ դնել Էջմիածնի գանձերը եւ դրանք տանել Ավստրիա: Բայց հիմա կան հազարավոր մարդիկ, որոնք դրան հավատում են: Նաեւ կրթված, ոչ հիմար մարդիկ, որոնք կա՛մ ձեւ են անում, որ հավատում են, կա՛մ էլ որեւէ ձայն չեն հանում, երբ նման աղաղակող անհեթեթություններ են լսում:

Եվ այստեղ հենց գալիս ենք «ինտելեկտուալների դավաճանության» թեմային: Եթե մարդը գրանցված է ինչ-որ պետական հիմնարկում եւ այդ «սինեկուրայի» համար բարձր աշխատավարձ է ստանում, դա դեռ կարելի է ինչ-որ ձեւով բացատրել: Բայց այդպիսի ինտելեկտուալներն ընդամենը մի քանի տասնյակ են: Իսկ ճնշող մեծամասնությունը, ամեն ինչ տեսնելով ու ներքուստ համաձայն չլինելով, ձայն չի հանում: Դավաճանությունն այլ կերպ չի լինում:

…«Ինտելեկտուալի առաքելությունը պետք է լինի, – գրում է Բենդան, – քննադատական գիտակցության զարգացումը եւ կոլեկտիվ մտածելու մերժումը, որովհետեւ կոլեկտիվ մտածելը նշանակում է՝ չմտածել»:

Ինչի ականատեսն ենք մենք նաեւ այսօր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.02.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment