«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորումը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին փետրվարի 18-ին ասուլիս-շնորհանդեսի ժամանակ հայտարարել է միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ իրենց ուժերը կհամադրեն այլ գաղափարակից կառույցների հետ՝ «միասնական ճակատով» հանդես գալու համար։
«Եթե մենք համոզված չլինենք, որ մենք ընտրություններում հաղթելու ենք, ավել լավ է ընտրություններից դուրս գանք, մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան թույլ տանք, որպեսզի այս վարչակարգը կարողանա նորից վերարտադրվի մեր ձայների հաշվին։ Մենք գնալու ենք միասնական՝ մեր ջանքերը այլ գաղափարակից ուժերի հետ համադրելու ճանապարհով»,- նշել է Չալաբյանը՝ հավելելով, որ խոշոր գաղափարական դաշինքների մեջ միավորվելը բացարձակ հրամայական է։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժերին՝ Չալաբյանը նշել է, որ նրանց հետ համագործակցությունը հնարավոր է համարում միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ընտրողը որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։
«Իրական համագործակցության պահը գալիս է այն ժամանակ, երբ դու հասկանում ես՝ ինչպիսի ընդհանուր քաղաքական կուրսի շուրջ կարող ես համաձայնվել»,- պարզաբանել է նա։
Ըստ Չալաբյանի՝ ընդդիմադիր ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի թույլ չտան գործող իշխանության վերարտադրությունը Ազգային ժողովում, այդ թվում՝ օգտագործելով սահմանադրությամբ նախատեսված ընտրությունների երկրորդ փուլի հնարավորությունը։ Նա նշել է, որ իրենց նպատակն է ձևավորել այնպիսի իշխանություն, որը երկիրը կտանի կայուն զարգացման և անվտանգության ճանապարհով։
The post «Հայաքվե»-ն կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին appeared first on CIVILNET.