Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները «որոշ առումով լավ են անցել», և կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։ Սակայն, նրա խոսքով, պարզ է դարձել, որ Իրանը պատրաստ չէ ընդունել այն սկզբունքային պահանջները, որոնք ներկայացրել է Թրամփը։
Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Նա նաև հավելել է, որ Թրամփը Թեհրանի վերաբերյալ «հստակ և կոշտ դիրքորոշումներ» ունի։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է դիվանագիտական ջանքերը, սակայն վերջնական որոշումը, թե երբ են սպառվել դիվանագիտական հնարավորությունները, նախագահ Դոնալդ Թրամփինն է։
Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը: Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: