Իրանի մասով առաջընթաց կա. Վենս > Լուրեր Հայաստանից

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում գնահատել է Ժնևում Իրանի հետ անցկացված երկրորդ փուլի միջուկային բանակցությունները՝ նշելով, որ որոշ առումներով դրանք «լավ են ընթացել» և կողմերը համաձայնել են հետագա հանդիպման մասին։

«Որոշ առումներով ամեն ինչ լավ է անցել։ Նրանք համաձայնվել են հանդիպել դրանից հետո։ Սակայն այլ առումներով շատ հստակ էր, որ նախագահը սահմանել է որոշ կարմիր գծեր, որոնք իրանցիները դեռևս պատրաստ չեն իրականում ընդունել և մշակել»,- ասել է նա։

Այդ կարմիր գծերից հիմնականը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման արգելքն է։ Վենսը պնդել է, որ Իրանը, չնայած պաշտոնական հերքումներին, ցույց է տալիս հետաքրքրություն միջուկային զենքի ձեռքբերման նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային սպառազինության մրցավազքի և ԱՄՆ-ի համար վտանգավոր լինել։

«Նախագահը շատ է ջանում գտնել լուծում՝ լինի դա դիվանագիտական տարբերակով, թե այլ ճանապարհով, որպեսզի Իրանը չունենա միջուկային զենք։ Հուսով ենք՝ այդ կետին չհասնենք, բայց եթե հասնենք, դա կլինի նախագահի որոշումը»,- ասել է Վենսը։

Բանակցությունների մասին ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը մի փոքր ավելի դրական է. անանուն աղբյուրի խոսքով՝ Իրանը համաձայնել է երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել մանրամասն առաջարկներ՝ բաց հարցերը լուծելու համար, չնայած դեռ շատ մանրամասներ քննարկման կարիք ունեն։

Leave a comment