Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ հռչակված եւ Մայր Աթոռին դատի տված նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատարանի որոշմամբ կարող են վերադառնալ քահանայական գործին ու այն եկեղեցիները, որտեղ հովվություն էին անում՝ մինչեւ վերջնական դատական ակտը: Դատարանը նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց պահանջել է ներկայացնել նախկին քահանաներին պաշտոնից ազատելու մասին Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինության հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, ինչպես նաեւ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
«Դատարանի դատավորների այդ որոշումները ակնհայտ անհիմն, ապօրինի դատական ակտեր են, որովհետեւ եկեղեցու ներքին գործերի մեջ չի կարող պետությունը խառնվել, միջամտել: Դա օրենքում հստակ նշված է: Դատարանը չի կարող որոշել կարգալույծ եղած քահանային, օրինակ, վերականգնել իր նախկին պաշտոնին՝ նույնիսկ դեռ վճիռ չկայացրած»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Մայր Աթոռի իրավունքները պաշտպանող թիմի համակարգող Արա Զոհրաբյանը:
«Եկեղեցու կանոնական իրավունքի համաձայն՝ եթե կարգալույծ եղած քահանայի հետ հաղորդակից է լինում մեկ այլ հոգեւորական, ապա դա կարգալույծ լինելու հիմք է: Հիմա դատարանը բառի բուն իմաստով խցկվել է մի ոլորտ, որն իր ոլորտը չէ: Հիմա մեր փաստաբանական թիմն այդ մասով ուսումնասիրություններ է իրականացնում, բայց մենք բոլոր դեպքերում միջոցներ ենք ձեռնարկելու նաեւ ապագայում այդ դատավորների քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելու համար: Սրանք խայտառակ որոշումներ են, դրանք այլ կերպ չենք կարող բնորոշել:
Այդ որոշումները, որոնք իրենք կայացրել են, բացասական շատ մեծ հետեւանքների հիմք են լինելու, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ եկեղեցին կարողանա այդ որոշումները կատարել: Դրանք հնարավոր չէ կատարել: Իրենք իրենց վերագրել են հոգեւոր իշխանության կրողի դերը, որի իրավունքը չունեն», – ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Արագածոտնի թեմը հայտարարությամբ հիշեցրել էր, որ Արագածոտնի թեմում նախկինում ծառայած Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ) եւ Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) կարգալույծ եղած են, եւ իրենց կատարած ոչ մի «արարողություն» (մկրտություն(կնունք), պսակադրություն, հուղարկավորություն, պատարագ, տնօրհնեք կամ այլ «ծեսեր») վավերական չէ։ Չնայած սրան՝ կարգալույծ հռչակված անձինք իբրեւ քահանաներ մասնակցում են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների մասնակցությամբ միջոցառումներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: