Երեկ հարցազրույց էի տեսագրում պրոֆեսոր Սուրեն Զոլյանի հետ՝ այն մեր կայքում կհրապարակվի շաբաթ օրը երեկոյան: Բայց մի միտք շտապում եմ փոխանցել ընթերցողներին: Վերջին տարիների բազմաթիվ վատ, սարսափելի, աղետաբեր իրադարձությունների կողքին կա նաեւ դրականը: Եվ այդ դրականն ի հայտ եկավ, երբ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին: Նույնիսկ հակառակը. եկեղեցին մաքրվում է, իրենց ծառայությանն ու կոչմանը հավատարիմ հոգեւորականների հեղինակությունը բարձրացել է՝ անկախ նրանից, թե ինչ էին անում այդ հոգեւորականներն անցյալում:
Իսկապես, եթե 10 եպիսկոպոսներ եւ մի քանի տասնյակ այլ հոգեւորականներ գերադասեցին, թույլ տվեք ասել՝ «նիկոլամետ շոպլիկությունը», ուրեմն այդ ստորաքարշությունը նրանց մեջ արդեն իսկ կար, եւ Փաշինյանի ծավալած հակաեկեղեցական արշավը «լավ առիթ էր» իրենց ճղճիմ որակները բացահայտելու: Այսուհետ մենք կարող ենք գործ ունենալ այն հոգեւորականների հետ, որոնք, այո, ամենեւին սուրբ չեն, բազմաթիվ մեղքեր ունեն, բայց հավատարիմ են մեր եկեղեցու նվիրապետական կարգին:
Եվ նույն չափանշներով կարելի է մոտենալ ցանկացած իրադարձությանը, նույնիսկ՝ ողբերգական: Երեկ Ռուբեն Վարդանյանն Ալիեւի ռեժիմի կողմից դատապարտվեց 20 տարի ազատազրկման: Ռուբենը մի մարդ է, ով նվիրվել էր Արցախի հոգեւոր ու տնտեսական խաղաղ զարգացմանը: Մինչդեռ սոցցանցերում ես կարդում եմ այս «դատավճռի» արձագանքներ, որոնք դուրս են մարդկային պատկերացումներից՝ «ռսաստրուկ», «Պուտլեր» եւ այլն: Այդպիսով, ես հնարավորություն ունեմ զատելու նորմալ, պարկեշտ մարդկանց՝ ինչպիսի քաղաքական համոզմունքներ էլ նրանք ունենան, ուղեղները լվացած, որոշակի պաթոլոգիաներով տառապող անձնավորություններից:
Դուք կասեք, որ երկրորդ խումբը մեծամասնություն է կազմում: Շատ հնարավոր է. եթե անգամ ջրբաժանը 3 միլիոնի եւ 10 հոգու մեջ է, լույսի եւ խավարի միջեւ ընտրությունը հստակ է: Իհարկե, բոլորս չենք կարող Ռուբեն Վարդանյան լինել, բայց դա մեզնից չի էլ պահանջվում: Բավարար է՝ չլինել դահիճների կողքին:
Եվս մի կարեւոր դիտարկում. լռելը նման պարագաներում նույնպես հավասարազոր է դահիճներին աջակցելուն: Գերմանացի քահանա Դիտրիխ Բոնհյոֆերը, որը խոշտանգվել եւ մահապատժի էր ենթարկվել նացիստական համակենտրոնացման ճամբարում, գրում էր. «Չարիքի ժամանակաշրջանում լռելն ինքնին չարիք է: Աստված նման բանի հավանություն չի տա: Ոչինչ չասել՝ նշանակում է՝ ասել, լռելով»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: