Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթղթի ստորագրման արարողությունը։
Ինչպես հայտնել է նախարարությունը, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․ Գ․ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Ծրագրի բյուջեն կազմում է 5.2 մլն ԱՄՆ դոլար։
«Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում սահմանած ռազմավարական առաջնահերթություններին։ Ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ջերմատնային տնտեսությունների հիմնման, վերամշակման և շուկայավարման կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի ապահովման միջոցով ծրագիրը կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը»,- նշել է Արման Խոջոյանը։
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների գյուղատնտեսական կենսաապահովումը։ Եռամյա այս ծրագիրը, որը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, ուղղված է պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և խոցելի խմբերի, այդ թվում՝ տեղահանվածների համար կայուն գյուղատնտեսության սկզբունքների կիրառմանն ու ընդլայնմանը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։