Գյումրեցիներին հորդորում են չգայթակղվել ու Միքայել Սրբազանին չգնալ տեսության․ նրա շփումները սահմանափակված են․ մանրամասնում է փաստաբանը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ տնային կալանքի միջնորդության բավարարումից հետո ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշել է սահմանափակել թեմի առաջնորդի շփումներն այլ անձանց հետ։

Նրանք, որոնք ներառված չեն տվյալ որոշման մեջ և ըստ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի՝ չեն համարվում մերձավոր ազգական կամ դատարանի կողմից թույլատրված անձինք, նրանց հետ շփումը սահմանափակված է։ Այդ տրամաբանությամբ՝ Սրբազանը չի կարողանա հաղորդակցվել նաև լրատվամիջոցների հետ։

Նա նշեց, որ մեկ հոգևորականի, տվյալ պահին Միքայել Սրբազանն ընտրել է Նարեկ Սրբազանի թեկնածությունը, տրվել է շփվելու հնարավորություն, բայց եկեղեցի հաճախելու, պատարագների մասնակցելու, անցկացնելու հնարավորությունը դեռևս պարզված չէ։

«Փետրվարի 6-ի դատական նիստում մենք այդ բովանդակությամբ միջնորդություն ներկայացրեցինք, ի նկատի ունեմ պաշտպանական խումբը, դատարանը անհրաժեշտություն գտավ ուսումնասիրելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական պրակտիկան, լիահույս եմ , որ հաջորդ դատական նիստին այդ հարցը պարզաբանված կլինի», -ասաց փաստաբանը։

Առաջնորդարանի շենքում բնակվող Միքայել Սրբազանը չի կարող հարկից հարկ բարձանալ կամ իջնել, քանի որ հսկող սարքը տեղադրված է բնակելի վայրի տարածքի շառավիղով։

Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Միքայել Սրբազանի եղբոր որդին՝ Գրիգոր Աջապահյանը, դատարանի թույլտվությամբ այս պահին նրա խնամքն է իրականացնում։

Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդի առողջական վիճակին՝ փաստաբանն ասաց․ «Սրբազանը ոչ մի անգամ իր առողջությունից չի դժգոհել, և այն խնդիրները, որոնք ի հայտ եկան անազատության մեջ, հասցրեցին անհետաձգելի վիրահատության, նույնիսկ դրանց մասին չէր խոսում։ Հանրությունը գիտի՝ մենք տևական ժամանակ պաշտպաններով սահմանափակված ենք եղել որևէ բժշկական տեղեկանք դատարանին ներկայացնելու հնարավորությունից։

Հետո, երբ վիճակը բարդացավ Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը, արդարադատության նախարարության բժշկական ՊՈԱԿ-ը հետազոտություններ անցկացրեցին, և իրենք էլ արձանագրեցին, որ վիրահատություններն անհետաձգելի են, տվյալ դեպքում առաջին վիրահատությունը։ Երկրորդը ընթացս բարդացավ, ի հայտ եկավ։

Առողջական վիճակի վերաբերյալ ինչքան հարցնում ենք Սրբազանին, ինքը միշտ լավ է, բայց ինչպես ժամանակը և իրադարձությունները ցույց տվեցին, նա ուներ բժշկական օգնության կարիք»։

Մարինե Ֆարմանյանը գյումրեցիներին խնդրեց Սրբազանի հետ այս ընթացքում հանդիպում չփնտրել։

«Ես գիտեմ գյումրեցիների սիրաթով վերաբերմունքը մեր Սրբազանի նկատմամբ․ կարող է գայթակղություն լինի, մի պահ գնաք, աչքներդ տեսնի , որ ինքը լավ է, խնդրում եմ ՝այդ գործողությունները հանկարծ չանել, դա ի վնաս Սրբազանի կմեկնաբանվի։ Խնդրում եմ այդ կարգը պահպանել, մինչև մենք հասնենք հնարավոր մյուս իրավական գործողություններին»։

Ըստ փաստաբանի, Սրբազանի խափանման միջոց տնային կալանքն անժամկետ է, սակայն այս հարցին անդրադառնալու են, քանի որ եթե ժամկետային սահմանափակում չի նախատեսում, ապա այն վերածվում է պատժի կրման գործընթացի և անորոշություն է ստեղծում։

Փաստաբանական խումբը, ըստ նրա, հետամուտ է լինելու իրավական խնդրի լուծմանը․ անձի խափանման միջոցն անժամկետ չի կարող կիրառվել, առավել ևս, որ կան ավելի նպաստավոր այլընտրանքային խափանման միջոցներ, ինչպիսին է՝ վարչական հսկողությունը կամ բացակայելու արգելքը՝ համակցված գրավի հետ։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment