Տեսանյութերով հաստատվեց՝ կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հաղորդում տված անձի կեղծ ցուցմունքը. պաշտպան

-Այսօր այն, ինչ տեսանք տեսանյութերով, ըստ էության, հաստատեց այն հանգամանքը, որ Գառնիկ Ղազարյանը ոստիկանության բաժնում, մեղմ ասած, կեղծ հաղորդում է ներկայացրել, իրականությանը չհամապատասխանող սուտ ցուցմունք է տվել,- այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստում իրեղեն ապացույց՝ միջադեպի տեսագրության հետազոտումից հետո հայտարարեց Գևորգ Ներսիսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։

Հիշեցնենք, որ այսօր շարունակվեց գործով վկա, քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի նախկին թեկնածու Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը և տեսագրությունների հետազոտությունը։

-Բոլորիս պարզ դարձավ, որ այս քրեական վարույթը, մեղադրանքը շինծու է,- հավելեց պաշտպանը։ Նա մեջբերեց Գառնիկ Ղազարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման վերջին հատվածը, որտեղ վերջինս պատմել էր, թե 10-13 մեքենայով հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց՝ խոչընդոտելով հավաքի բնականոն ընթացքը՝ դրսևորելով խուլիգանական վարքագիծ․ «Պատվարժան դատարան, մենք այստեղ նման բան չտեսանք։ Գառնիկ Ղազարյանը չգիտեմ, կամ լավ էլ գիտեմ՝ ինչի համար է նման հաղորդում տվել, բայց մենք առնվազն չտեսանք նման բան. ոչ համայնքապետարանի մոտ հավաքված մեքենաներ կային, ոչ առավել ևս խուլիգանական վարքագիծ դրսևորող անձինք։ Մարդիկ հավաքվել էին իրենց քարոզարշավն իրականացնելու։ Մենք տեսագրության մեջ չտեսանք ո՛չ Գևորգ, ո՛չ Համբարձում Ներսիսյանին։ Այս տեսագրությամբ հաստատվեց հիմնարար կասկածի բացակայությունը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment