Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2026 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
Ծրագրի առաջին բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝
- ունեք ՀՀ քաղաքացիություն,
- ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
- հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
- տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
- ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Աջակցության չափը՝
- երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
- երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
- չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝
- «Ակբա Բանկ»,
- «ԱՄԻՕ բանկ»,
- «ԱյԴի» Բանկ,
- «Կոնվերս Բանկ»,
- «Արարատբանկ»,
- «Արմսվիսբանկ»,
- «Բիբլոս Բանկ Արմենիա»,
- «Բլեսս» ՈՒՎԿ,
- «Գլոբալ Կրեդիտ»,
- «Էվոկաբանկ»,
- «Ինեկոբանկ»,
- «Կամուրջ» ՈՒՎԿ,
- «Հայէկոնոմբանկ»,
- «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ,
- ՎՏԲ-Հայաստան Բանկ,
- «Ֆասթ բանկ» ։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Բաղադրիչից կարող եք օգտվել, եթե՝
- ունեք ՀՀ քաղաքացիություն,
- ունեք առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
- տան արժեքը չի գերազանցում 35 մլն դրամը,
- ընտանիքը չունի այլ բնակելի անշարժ գույք։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը։
Աջակցության չափը՝
- ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
- երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Ձեզ արդեն իսկ վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։