ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով դատավարությունը։ Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Գևորգ Ղուկասյանը, Արմեն Մաթևոսյանը։
Արգելվեց նիստը տեսանկարահանել կամ հեռարձակել ուղիղ եթերով, պատճառը վկաների հարցաքննությունն էր։
Լսեցին վկա Ավետիք Հարությունյանին, որին Տեքստիլ կոմբինատի արդյունաբերական տարածքից հողամաս է հատկացվել, սակայն, ըստ քրգործում առկա մասնագիտական եզրակացությունների, այն հանդիսացել է ճանապարհ ու մասնավորեցման ենթակա չի եղել։
Վարդան Ղուկասյանը պարզաբանեց, որ շինթույլտվություն տրվել է 2020 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը քաղաքապետ չի եղել։
«Պատվարժան դատարան, ուրեմն այդ տարածքը երկրաշարժի ժամանակ ամբողջությամբ տեքստիլ կոմբինատինն էր, որը փլվել է։ Էդ տարածքը վաճառել է Սննկացման դատարանը, 20 թվականին էլ թույլտվություն են տվել, երբ ես՝ էս քաղաքապետը, ընդհանրապես չի եղել։ Հետո դա որպես ճանապարհ․․․ էդպիսի ճանապարհ էդտեղ չկա։
Երկրաշարժից հետո հողային ճանապարհ է, էդտեղ ճանապարհը կարող է լինել և՛ 20 մետր, և՛ 30 մետր լայնությամբ, որ մենք նախատեսում էինք, բայց վերջնական, հստակ լուծում դեռ չէր ստացել, և դրանից հետո կարող էր և՛ 10 մետրանոց լինել, և՛ 6 մետրանոց լինել։
Որ հիմա մեղադրող կողմը ներկայացնում է որպես ճանապարհ, էդպիսի բան չկա։ Հետո 20 թվականին է ստացել շինթույլտվություն, որ էս քաղաքապետը չի եղել, բա ինձ ինչի՞ եք բերել», – ասաց Վարդան Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է վկան ձեռք բերել հողամասը, նա պատասխանեց՝ ձեռք է բերել Տեքստիլ գործարանի լուծարային հանձնաժողովից, այն քաղաքապետարանի գույքը չի եղել։
Դատարանը, սակայն, նշեց, որ քրգործում առկա է բողոք, որ այն ճանապարհ է եղել։
Վարդան Ղուկասյանը նորից ձայն խնդրեց՝ ասելով․ «Պատվարժան դատարան, էդ բողոքարկողը որ կա, ինքն էլ է էդ տարածքից հող գնել ու շենք կառուցել։ Այսինքն՝ ինքը ուրիշ բանի համար է բողոքում Ավետիքի վրա, որ իր ձեռքից հողը վերցրեցին, թե չէ, եթե ապօրինի ճանապարհ է, ինքն ինչ գործ ունի էդտեղ, էդտեղ ընդհանրապես ճանապարհ չկա, ես ուղղակի ուզում էի ճանապարհ լիներ»։
Վկան ևս հաստատեց, որ իրեն ևս խոսակցություններ են հասել, որ բողոքող անձը կուզենար իր հողամասը իրենը լիներ։
Հաջորդ վկան Արտակ Գյոլեցյանն էր։ Դատավորի հարցին, թե ներկաներից ո՞ւմ եք ճանաչում, վկան ասաց՝ «Բոլորին՝ Ղուկասյան Վարդանին, Ղուկասյան Սպարտակին, Հովոյին»։
Դատավորի հարցին՝ որտեղի՞ց եք ճանաչում, վկան պատասխանեց․ «Գյումրիից»։
Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց․ «Ինքն աշխարհի չեմպիոն է»։
Վկան շարունակեց․ «Վարդան Ղուկասյանը, որ եղել է Գյումրիի քաղաքապետ, ես էլ էդ ժամանակ եղել եմ գործող սպորտսմեն, աշխարհի չեմպիոն եմ եղել, շատ անգամներ ընդունելության ենք գնացել նրա մոտ՝ որպես քաղաքապետի»։
Հիշեցնենք, որ Արտակ Գյոլեցյանը ֆուլ-կոնտակտ կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն է (1998-1999 թթ.)։
Նա դատարանին տեղեկացրեց, որ ցանկացել է հողատարածք ձեռք բերել, թերթում հայտարարություն է տեսել, գնացել, դիմել է, որ մասնակցի աճուրդի։ Ասաց՝ հստակ չի հիշում, որ թվականին էր՝ 2010 կամ 2012 թվականին էր։ Հողամասը Տիմիրյազև փողոցի վրա է գտնվում, 380-400 քառակուսի մետր է, դեռ չի էլ կառուցել։
Վկան ասաց․ «Պատվարժան դատարան, որ ասեմ՝ գնացել եմ քաղաքապետարան, բարձրացել 3-րդ կամ 4-րդ հարկ, դա եղել է 20 տարի առաջ, չեմ էլ հիշում, որ հարկում է եղել աճուրդը։ Շատ-շատ անգամներ եմ գնացել քաղաքապետարան, ես ինքս քաղաքապետարանում աշխատել եմ»։
Նա նշեց, որպեսզի կայանար աճուրդը, անհրաժեշտ էր, որ մի հոգուց ավելի մասնակից լիներ։ Դրա համար խնդրել էր աներձագին՝ մասնակցելու աճուրդին։
Նա ասաց, որ 88-89 թվականներից սկսած՝ այդ փողոցում բազմաթիվ շինանյութերի խանութներ կային, բայց հիմա նոր է իմանում, որ այն կանաչ գոտում է։
«Սաղ իրար կպած շենքեր են, մեծ շենքեր են, հին՝ Սովետական Միության, դրանից 5 մետր հեռու իմ հողն է, մտքովդ չի էլ անցնի, որ էդտեղ չի կարելի շենք կամ տուն կառուցել, հետևը տուն է, կողքը տուն է, հին Սովետական Միության սարքած տներ կան էդտեղ։
Էդ ժամանակ կանաչ գոտի հասկացություն չի եղել, նման խոսակցություն չի եղել, մեր մտքից չի անցել, դա թազա հասկացություն է, հետո-հետո ենք իմանում կանաչ գոտին, էդ հողի վրա եղել են երկու դոմիկ։
Ես, օրինակ, երկու տուն ունեմ, մի տնից ելնում, մյուսն եմ մտնում, բայց քաղաքի քարտեզի վրա իրարից 20 մետր հեռու են»,- ասաց վկան։
Վկային ասացին, որ 2005 թվականի ապրիլին է ընդունվել Գյումրու գլխավոր հատակագիծը, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը ձեռք էր բերել հողատարածքը, այն գտնվում էր կանաչ գոտում։ Ըստ գլխավոր հատակագծի՝ այն եղել է ճանապարհ։
Պետական մեղադրողը հարցրեց, թե աճուրդի ժամանակ քաղաքապետարանից իրեն տեղեկացրե՞լ են, որ կանաչ գոտի է, ճանապարհ է անցնում։
«Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը»,- ասաց վկան։
Դատարանը հարցաքննվող վկաներից մեկին էլ բանավոր նկատողություն արեց՝ հորդորելով փոխել տոնայնությունը։
«Ես տոնայնությունը չեմ փոխի, էնպես հարցեր կտաք, 20 տարի առաջվանը դե արի հիշի, թե ինչ եմ մտածել»,- ասաց վկան։
«Մի վայրկյան, հարգելի վկա, դուք պարտավոր եք պատասխանել բոլոր հարցերին, երբ չեք հիշում և դրանով պայմանավորված՝ չեք կարող պատասխանել, ասեք՝ չեմ հիշում, ոչ թե ասեք՝ ձեր ի՞նչ գործն է՝ ես ժամանակին ինչ որոշեցի, ինչ չորոշեցի, սա անարգալից վերաբերմունք է դատական նիստերի մասնակիցների նկատմամբ։ Նման անարգալից վերաբերմունքի շարունակվելու դեպքում ես ձեր նկատմամբ խիստ սանկցիա կկիրառեմ»,- նախազգուշացրեց դատավորը։
Վկան պատասխանեց՝ «Առաջին անգամ եմ մասնակցում դատական նիստի, ես ինչ իմանամ՝ ի՞նչ բառ կարելի է ասել, ինչը՝ չէ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: