«Սա աննախադեպ երևույթ է, որ Վեհափառի դեմ քրեական գործ է հարուցվել, ի դեպ՝ լրիվ շինծու ձևով։ Ակնհայտորեն իշխանությունը երկու նպատակ ունի՝ մեկը վիժեցնել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովը․ այդ նպատակին իշխանությունը հասել է»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին՝ եկեղեցու դեմ հակամարտությունն ինչքա՞ն է խորանալու։
Սուրեն Սուրենյանցն ասաց՝ երբ Ավստրիայում հավաքված են մեր եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները, էլի շատ կարևոր քննարկումներ կունենան, բայց դա եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակ չի ունենա, քանի որ Վեհափառի նախագահությամբ տեղի չի ունենում։ Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ երկրորդ նպատակն է մինչև վերջ հասցնել եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման գործընթացը։
Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ բացասական իմաստով պատմական իրադարձության հետ գործ ունենք․ «Նույնիսկ խորհրդային տարիներին՝ այն պայմաններում, երբ եկեղեցականները տոտալ վերահսկողության տակ էին, եկեղեցիներ էին փակվում, խորհրդային իշխանությունները ստալինյան բռնաճնշումներից հետո ձեռնպահ էին մնում վեհափառների գործունեությունը կաշկանդող ուղղակի քայլերից, էլ չեմ ասում՝ իրավական հետապնդումից։ Նման դեպք չենք կարող նշել, որ եպիսկոպոսաց ժողով է արգելվել։ Ունենք դեպք խորհրդային միություն ժամանակ՝ 1950-ականներին, երբ եպիսկոպոսաց ժողովն անցկացվել է Խորհրդային Միության սահմաններից դուրս»։
Իսկ թե մինչև ուր կհասնի եկեղեցու դեմ այժմյան հակամարտությունը, Սուրեն Սուրենյանցը կապում է հունիսի 7-ի ընտրությունների հետ․ «Կփոխվի՞ այս իշխանությունը, կասկած չունեք, երևի, որ ինչ ուժ էլ գա իշխանության, այս հակաեկեղեցական քարոզը դադարեցվելու է։ Այս իշխանությունը կմնա՞, կվերարտադրվի՞, այս արշավը կտանի մինչև վերջ։ Եկեղեցու դեմ ճնշումների նոր ալիքն անմիջապես հաջորդեց Վենսի այցին։ Հետևությունները թողնում եմ մեր հասարակությանն ու փորձագիտական դաշտին։ Այս թեմայով չեմ ուզում առայժմ շատ ծավալվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: