Հարկային նոր համակարգ, արդյունաբերական ու արտահանելի տնտեսություն, ՓՄՁ զարգացում, Սփյուռքի ներուժի օգտագործում․ «Միասնության թեւեր»-ի տնտեսական զարգացման տեսլականը

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանն այսօր ներկայացրեց նախաձեռնության՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամբողջական եւ համակարգային տեսլականը՝ կառուցված յոթ առանցքային ուղղությունների շուրջ։

«Առաջին ուղղությունը՝ ընդհանրապես մենք ոչ թե պետք է սկզբում խոսենք թվերից, այլ պետք է խոսենք այն մասին, թե որտեղ ենք մենք։ Որն է մեր տեղն ու դիրքն աշխարհում ու համաշխարհային տնտեսության մեջ։ Հետեւաբար, մենք պետք է հասկանանք՝ լինելով փոքր ռեսուրսներ ունեցող երկիր, ինչպես պետք է կարողանանք դիրքավորվել աշխարհում եւ ինչպես կարող ենք ունենալ ոչ թե սպառման վրա հիմնված տնտեսություն, այլ արտահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արդյունաբերական հանգույց։ Ինչպե՞ս. մենք դրա ռազմավարությունն ունենք։ Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ պետք է ունենա իր նիշան եւ ամբողջ աշխարհին մատակարարի բարձր տեխնոլոգիական եւ գիտելիքահեն ծառայություններ ու ապրանքներ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված»,- ասաց Անանյանը։

Երկրորդ առանցքային ուղղության հիմքում այն է, որ ստեղծվելու է արդյունաբերական ու արտահանելի տնտեսություն։ Ըստ Անանյանի՝ տնտեսական աճը չի պայմանավորվում առեւտրով, շինարարությամբ եւ ներքին սպառում ունեցող ծառայություններով։ Պետք է սպառման մոդելից անցում կատարել դեպի արտադրություն եւ արտահանելի ոլորտ։ «Բնականաբար, եթե դու չունես արտադրողականություն, արդյունաբերություն, չունես պոտենցիալ ու աշխարհին չես առաջարկում քո արտադրանքը, ամբողջ աշխարհում դառնում ես երկրորդական դերակատարում ունեցող տարածք։ Հետեւաբար, մենք գնում ենք արդյունաբերական երկիր կառուցելու ճանապարհով, եւ մեր արդյունաբերականացման հիմքում դրված է արդյունաբերական գոտիների կլաստերներ կառուցելու գաղափարախոսությունը»,- նշեց նա։

Երրորդ առանցքային ուղղությունը ՓՄՁ ռազմավարությունն է։ Դավիթ Անանյանն ասաց, որ արդյունաբերական տնտեսությունը չի ենթադրում, որ ունենաս միայն խոշոր արդյունաբերական գործարաններ։ «Գործարաններ ունենելը լավ է, բայց երկրի տնտեսությունը կառուցվում է ոչ թե տասնյակ գործարաններով, այլ տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներով։ ՓՄՁ-ն դա մեր երկրի սոցիալ-տնտեսական ողնաշարն է, մենք շատ դեպքերում ՓՄՁ-ներին ճիշտ վերաբերմունք չենք ցուցաբերում, իրենց միշտ փորձել ենք օգնել ու աջակցել։ Մենք ասում ենք՝ ոչ այդպիսի վարքագծին եւ ասում ենք, որ պետք է փոքր ու միջին ձեռնակատիրությունը զարգացնել։ ՓՄՁ-ն զարգացնելու համար դու պետք է իրենց բերես կապես քո արդյունաբերական գոտիների գործունեության հետ, ՓՄՁ-ն պետք է դառնա մատակարար՝ այդ արդյունաբերական գոտիներում գործունեություն ծավալելով»,- ասաց նա։ Ըստ Անանյանի՝ ՓՄՁ-ն պետք է ունենա համաչափ հարկային բեռ եւ հասեցական ու ոչ խիստ հարկային վարչարարություն։

Չորրորդ առանցքային ուղղությունը վերաբերում է բորսայական կապիտալի հասանելիությանը։ «Այս ոլորտում ունենք շատ կարեւոր անելիք՝ առաջինը, մենք պետք է վերաիմաստավորենք այսօրվա բաժնետիրական ընկերությունների իրավակարգավորումները, պետք է վերացնենք փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների միջեւ արհեստական բաժանումը»,- հավելեց Դավիթ Անանյանը։

Հինգերորդ առանցքային ուղղությունը Սփյուռքի հայեցակարգն է։ «Մենք եզակի ազգ ենք, որն աշխարհով մեկ սփռված հայրենակիցների ցանց ունի։ Եվ մենք որեւէ ձեւով արդյունավետ ու ճիշտ չենք օգտագործել այդ ներուժը։ Հետեւաբար, մենք Սփյուռքին ոչ թե պետք է դասենք որպես աջակցող ռեսուրս, այլ Սփյուռքը պետք է դառնա Հայաստանի տնտեսական զարգացման համահեղինակ։ Սփյուռքը պետք է ինտեգրվի Հայաստանի տնտեսական համակարգին՝ որպես ներդրող, գործընկեր եւ համասեփականատեր»,- նշեց Անանյանը։

Վեցերերոդ առանցքային ուղղությունը վերաբերում է հարկային նոր փիլիսոփայությանը։ «Եթե մենք տնտեսությունը սպառման մոդելից տանում ենք դեպի արտահանման, այսինքն՝ արժեք ստեղծելու մոդելի, հետեւաբար, պետք է փոխենք ամբողջ հարկային համակարգի տրամաբանությունը։ ՀՀ-ում հարկային քաղաքականությունը չի ձեւավորվել տնտեսական ազդակներից։ Եթե ազդակները տնտեսական քաղաքականությունից չեն գալիս հարկային քաղաքականություն իրականացնողների մոտ, ապա հարկային քաղաքականության դիզայնը կատարվում է միայն  ֆիսկալ նպատակով։ Հետեւաբար, 30 տարիներին մեր հարկային համակարգը կառուցվել է ֆիսկալ գանձարանային գործառույթի տրամաբանությամբ՝ մաքսիմալ հարկային մուտքեր պետական գանձարանին։ Մենք հրաժարվում ենք այդ մոդելից, մենք ասում ենք՝ նախ պետք է կառուցել տնտեսություն եւ տեսնել, թե ինչպիսի հարկային համակարգ է պետք՝ սպասարկելու այդ տնտեսությանը։ Հետեւաբար, մենք շրջանառության հարկն անմիջապես վերացնելու ենք, ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ ԱԱՀ-ն ու շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Եվ մենք ներդնելու ենք թե եկամտահարկի, թե շահութահարկի պրոգրեսիվ հարկման համակարգեր»,- նշեց Անանյանը։

Յոթերորդ առանցքային ուղղությունը թվային դրամի հայեցակարգն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

Անդրադառնալով հարկային քաղաքականությանը՝ Դավիթ Անանյանն ասաց, որ ըստ իրենց ծրագրի՝ արդյունաբերական գոտիներում լինելու է գրեթե զրոյական հարկային համակարգ, բայց այնուամենայնիվ լինելու է քմ-ով վճարվելիք տուրք։ «Մենք ակնկալում ենք, որ կարողանալու ենք ապահովել հավելյալ եկամուտներ, ինչը մեզ թույլ է տալու ատսիճանաբար հրաժարվել ավելացված արժեքի հարկից։ ԱԱՀ-ն ինքը բնորոշ է սպառման մոդելով տնտեսությանը։ Մեր ռեֆորմները հստակ թվաբանություն ունեն, սա անոնսն է, թե մենք ինչ ենք անելու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment