ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է․ «Նիկոլի նկատմամբ արևմուտքի վերաբերմունքը այնքան անթաքույց է, այնքան բացահայտ է Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն խառնվում Հայաստանի ներքին գործերի մեջ, գալիք ընտրությունների մեջ, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակը, ինչպիսին է, օրինակ, BBC-ն, վերջերս շատ բաց տեքստով անդրադարձել է և արձանագրել է այս իրողությունը։
Մասնավորապես, միջազգային մի կազմակերպության, ինչ «International Crisis Group»-ի շատ հայտնի փորձագետ Կուչերան BBC-ին տված իր հարցազրույցում բաց տեքստով խոսում է այն մասին, որ արևմուտքը բացահայտ կերպով խառնվում է Հայաստանի ներքին գործերի մեջ, գալիք ընտրությունների մեջ, միակողմանի պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին։
Որպես ապացույց բերված է այն փաստը, որ Եվրոպական Միության կողմից հատկացված 15 միլիոն եվրոն, իբրև ապատեղեկատվության դեմ պայքարի համար՝ ակնհայտ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, միջազգային փորձագետները BBC-ում ֆիքսում են, որ եթե ռուսներին մեղադրում են Հայաստանի ընտրություններին և ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ բացառապես անուղղակի որոշակի հիմքերի վրա, ապա արևմուտքը՝ ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը դա անում է բացահայտ հօգուտ Նիկոլ Փաշինյանի»։
Աշոտյանն ընդգծեց, որ այս ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված։ «Այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության և հայ ժողովրդի իրավունքների մեջ։ Դա անում են այնքան բացահայտ, «ստավկան» դնելով Նիկոլ Փաշինյանի վրա, ով ճոռոմաբանում է ինքնիշխանությունից, սակայն իրականում վերածվել է բացահայտ բարիոնետի, բացահայտ տիկնիկի, ում տերերը արդեն անգամ իրենց տեղեկատվական հարթակներում բաց խոսում են այդ մասին»։