«ՔՊ-ն այնպիսի վիճակում է, որ եթե ընտրությունները չկեղծվեն, ապագա խորհրդարանում համեստ ներկայություն կունենա»,-Sputnik- Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նա ՔՊ-ի փրայմերիզին վերապահումով է մոտենում․ «Դա դասական փրայմերիզ չէ։ Այստեղ ավելի շուտ դրա իմիտացիայի հետ գործ ունենք։ Փրայմերիզն ուղեկցվում է նախընտրական ծրագրի ներկայացմամբ, տեսլականների բախումով։ Սա ֆորմալիստական մի միջոցառում էր, որը բացահայտեց իշխանության մեջ ուժերի հարաբերակցությունը։ Դա բացահայտեց այն պատկերը, որն այսօր առկա է իշխանության ներսում։ Անզեն աչքով տեսանելի է, որ շատ հաստատուն չեն Ալեն Սիմոնյանի դիրքերը՝ չնայած, որ նա առաջին տասնյակում է։ Սա նշանակում է, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար ապագայում, եթե ստացվի մեծամասնություն ստանալ, թեժ մրցակցություն է լինելու։ Մարդիկ, երբ ստացած քվեներով ավելի շատ ձայներ են ունենում, դա նպաստելու է հավակնությունների մեծացմանը։ ՔՊ-ում կար ծերակույտ, որը դիրքերը զիջել է․ խոսքը Անդրանիկ Քոչարյանի, Գագիկ Մելքոնյանի և մյուսների դերակատարության մասին է․ առաջին 50-յակում չկան։ ՔՊ-ում վաղուց ժողովրդավարությունից հրաժարվել են։ Մտածել, որ այդ մարդիկ կամ նրանց փրայմերիզը ժողովրդավարության մասին էր, առնվազն միամտություն կլինի։ Երկրում, որտեղ կան քաղկալանավորներ, որտեղ վարչապետն իմպերատիվ տոնով պնդում է անում, թե հունիսի 8-ին ում չենք տեսնելու, այդ երկրում խոսել ժողովրդավարության մասին, ենթադրել, որ ժողովրդավարության կանոններով են փրայմերիզն անցկացրել, միամտություն է»։
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ՔՊ-ում շատ ձայն են ստացել այն անձինք, որոնք անձնական հավատարմություն են ցույց տվել Նիկոլ Փաշինյանին․ «Համեստ ցուցանիշներ ունեն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին ակտիվ չեն մասնակցում, իսկ նրանք, որոնք Փաշինյանի ակտիվ թեզերը շրջանառել են և եղել են առաջին գծում, այդ մարդիկ ցուցանիշների առումով առաջընթաց ունեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: