Մերկասառույցի պատճառով Բերդ ԲԿ-ի շտապօգնության մեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

14.01.26 | 11:08






Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։

Leave a comment