Չեչնիայում ավելի քան 3,000 ամուսնալուծված ընտանիք վերամիավորվել է

Ելիզավետա Չուխարովա, Հոդվածը հրապարակվում է OC Media հետ գործընկերության շրջանակում։

Չեչնիայում վերամիավորվել է նախկինում ամուսնալուծված 3,009 ընտանիք. այս մասին հայտնում է «Գրոզնի-ինֆորմ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չեչնիայի մուսուլմանների հոգևոր վարչության տվյալները։ Հստակ չէ, թե տվյալները որ ժամանակահատվածին են վերաբերում, թեև թվում է, թե դրանք ամփոփում են 2017-ից հետո վերամիավորվածների թիվը:

Ըստ Չեչնիայի մուսուլմանների հոգևոր վարչության՝ երկրամասում իրականացվել է ամուսնական և ընտանեկան հարաբերությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր առմամբ 24,543 միջոցառում, որոնց ընթացքում հայտնաբերվել է 5,960 ամուսնալուծված զույգ: Վարչությունը հայտնել է, որ վերամիավորված ընտանիքներում մեծանում է 5,288 երեխա: Միևնույն ժամանակ, 2,332 զույգ հրաժարվել է վերականգնել ընտանեկան հարաբերությունները:

Զեկույցում նշվում է, որ հաշտեցմանը չհամաձայնած զույգերի ընտանիքներում կա 6,126 երեխա, որոնցից 4,032-ն ապրում է հայրերի, իսկ 2,049-ը՝ մայրերի հետ:

Չեչնիայում ընտանեկան խնդիրների կարգավորման հանձնաժողովները ստեղծվել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ: Իրավապաշտպանների համաձայն՝ ընտանիքների վերամիավորումները տեղի են ունենում ճնշման տակ և կարող են տրավմատիկ լինել նրանց համար, ովքեր որոշել էին ամուսնալուծվել տարբեր պատճառներով:

Ընտանիքների ներդաշնակեցման պաշտոնական հանձնաժողովները զբաղվում են ընտանիք վերադարձնելով այն կանանց, ովքեր ձգտում են ամուսնալուծության կամ լքում են իրենց ամուսիններին կենցաղային բռնության պատճառով, նկատել են «Կովկասն առանց մայրերի» շարժման իրավապաշտպանները: 2023-ին «Ազատություն» ռադիոկայանը նույնպես հայտնել էր, որ Չեչնիայում ամուսնալուծվել ցանկացող կանայք հաճախ բախվում են իշխանությունների և կրոնական առաջնորդների ճնշումներին: Որպես օրինակ բերվում էր Գուդերմեսի բնակիչ Մադինա Ումաևայի մահը, որը բազմիցս փորձել էր լքել ամուսնուն, սակայն վերադարձել էր ճնշման ներքո:

Մադինա Ումաևան մահացել է 2020-ի հունիսի 12-ին ամուսնու տանը և թաղվել է գիշերը: Ամուսինը հայտարարել էր, թե նա մահացել է էպիլեպտիկ նոպայի ժամանակ աստիճաններից ընկնելու հետևանքով: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ հայտարարել էր, թե նրա հարազատները չունեն որևէ հաստատում, որ ամուսինն է պատասխանատու Մադինայի մահվան համար: Դրանից հետո Ումաևայի մայրը ներողություն էր խնդրել դստեր մահվան բռնի բնույթի մասին իր նախկին հայտարարությունների համար:

Տեղական անկախ «Կովկասյան հանգույց» (Caucasian Knot) լրատվամիջոցը նույնպես հրապարակել է իր ընթերցողների մեկնաբանությունները, որտեղ նշվում է, որ հաշտեցումները տեղի են ունենում «կամավոր-պարտադիր ձևով»:

Ըստ հրապարակման՝ մի դեպքում կինը որոշել է վերադառնալ ընտանիք այն բանից հետո, երբ նախկին ամուսինը, որի հետ ապրում էին երեխաները, մտադիր է եղել նորից ամուսնանալ: Ամուսինը, ըստ աղբյուրի, հրաժարվել է վերականգնել հարաբերությունները, սակայն այն բանից հետո, երբ կինը դիմել է մուֆտիաթին, հանձնաժողովի անդամները այցելել են նրան՝ ընտանիքը վերականգնելու պահանջով: Ըստ աղբյուրի՝ նրա բացատրությունները հաշվի չեն առնվել, և, ինչպես նա պնդում է, իրեն ասվել է, որ կա «համապատասխան հանձնարարական»: Զույգը ի վերջո վերսկսել է համատեղ կյանքը, սակայն, ըստ նույն աղբյուրի, նրանց միջև կոնֆլիկտները շարունակվում են:

Նույն անձը նկարագրել է նաև մեկ այլ դեպք, երբ հանձնաժողովի մասնակցությամբ վերամիավորված ամուսինները մի քանի ամիս անց կրկին բաժանվել են և հետագայում նոր ընտանիքներ կազմել:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տվել, որ 2025-ի փետրվարին Չեչնիայում արձանագրվել է ամուսնալուծությունների և ամուսնությունների ամենաբարձր հարաբերակցությունը Ռուսաստանում՝ 965 ամուսնալուծություն և ընդամենը 312 գրանցված ամուսնություն. ընդ որում ամուսնալուծությունների թիվը երեք անգամ գերազանցել է ամուսնությունների թվին:

Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնային պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանում միջին ցուցանիշը կազմում է մոտավորապես 70 ամուսնալուծություն 100 ամուսնության դիմաց:

2024-ի նոյեմբերին Կադիրովը հայտարարել էր, որ 2017-ից ի վեր ընտանեկան հարաբերությունների «ներդաշնակեցման» հանձնաժողովը վերամիավորել է 2,716 ընտանիք:

The post Չեչնիայում ավելի քան 3,000 ամուսնալուծված ընտանիք վերամիավորվել է appeared first on CIVILNET.

Leave a comment