Ընդդիմության նախընտրական միավորների ուրվագծերն արդեն իսկ սկսում են երեւալ: Հուսամ, որ այդ կուսակցությունների եւ դաշինքների ղեկավարներն ու անդամները «հետին մտքեր» չունեն եւ իսկապես ցանկանում են մեր պետությունն ազատել Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումից: Ինչպես բազմիցս գրել եմ նախկինում՝ մեծ ցանկություն ունեմ, որ նրանք իրար չխանգարեն, չփորձեն իրարից ձայն խլել եւ, նույնիսկ իրար քննադատելով, պահպանեն էթիկական նորմերը:
Մի շարք ընդդիմադիր գործիչներ առաջարկում են, որ այդ բոլոր ուժերը ստորագրեն խարտիայի նման մի բան, որում կպարտավորվեն ապահովել ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը: Դա հատկապես կարեւոր է, քանի որ ակնհայտ է, որ ՔՊ-ն չունի այն աջակցությունը, որն ուներ նույնիսկ 2021 թվականին եւ պարտադիր դիմելու է «հին ու բարի» մեթոդներին, մասնավորապես՝ «տասովշիկների» օգնությանն ու վարչական ռեսուրսի օգտագործմանը: Դա են վկայում ՏԻՄ վերջին ընտրությունները, օրինակ, Վաղարշապատում:
Նման առաջարկն ունի նաեւ համախմբող նշանակություն. տարբեր ճանապարհ անցած, տարբեր գաղափարախոսություններ դավանող, բազմաթիվ հակասություններ ունեցող, ինչպես նաեւ իրար հետ առաջիկա ընտրություններում մրցակցող ուժերը պատրաստ են պահել քաղաքացիների քվեները՝ անկախ նրանից, թե ում են դրանք տրվելու:
Առայժմ նման հայտարարություն չկա: Բայց, եթե լինի, կարծում եմ` հնարավոր է մշակել միասնական դիրքորոշում եւս երկու հարցում, որտեղ, կարծես թե, կա ընդհանուր համաձայնություն. եկեղեցին եւ քաղբանտարկյալները: Մոտավորապես՝ դատապարտում ենք հոգեւորականների դեմ բռնաճնշումներն ու քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների հանդեպ հալածանքները:
Հիմա պատկերացրեք, որ ՀՀԿ-ն եւ ԱԺԲ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բոլոր մնացած ընդդիմադիրները նման փաստաթուղթ ստորագրեն՝ արդյոք դա դրական ազդակ չի՞ լինի հասարակությանը: Կարծում եմ՝ կլինի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: