«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սահմանադրության փոփոխությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ոչ միայն անընդունելի են, այլ նաև վտանգավոր՝ երկրի կայունության համար։
2015 թ․ Սահմանադրության փոփոխությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին էին, որոնց պտուղներն վայելում է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ նախատեսում է Սահմանադրության փոփոխություն՝ Ադրբեջանի պահանջով, բացառապես իշխանության պահպանման նպատակով։
Սամվել Կարապետյանն էլ բարձրաձայնում է Սահմանադրության փոփոխության մասին՝ վարչապետ դառնալու նպատակով։
Առաջինը՝ իշխանությունը երկարացնելու, երկրորդը՝ իշխանությունը պահելու, երրորդը՝ իշխանության գալու համար։ Սա չոր փաստն է։
Հանուն արդարության, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, ով չի թաքցնում և դա ուղիղ է ասում ժողովրդին, առաջին երկու դեպքերում խաբում և մանիպուլացնում են մարդկանց՝ չխոստովանելով ճշմարտությունը։
Այս ամենը խոսում է այն մասին, որ անհատն իրեն վեր է դասում պետությունից, ինչն էլ պետությանը կանգնեցնում է լուրջ մարտահրավերների առջև։ Անհատի շնորհիվ հնարավոր կարճաժամկետ հաջողությունները հետագայում հանգեցնում են համակարգային աղետների, և դա անխուսափելի է՝ անկախ տվյալ անձի բարի ու նվիրական ցանկություններից։
Իսկ բովանդակային առումով՝ անվիճելի է՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: