«Հանրային հեռուստաընկերությունում Արցախ եզրույթը վաղուց է, որ չի գործածվում». հանրային գործիչները՝ գեղասահորդների ելույթի ժամանակ Արցախ բառը չհնչեցնելու մասին

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում գեղասահքի Հայաստանի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին պարային զույգը կարճ ծրագրում հանդես եկավ Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության հնչյունների ներքո եւ տեղ զբաղեցրեց 16 լավագույնների մեջ։ Այսօր մեր զույգը կմասնակցի եզրափակչին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ուղիղ միացմամբ ցուցադրեց գեղասահորդների մրցաշարը, սակայն մեկնաբանները ձեռնպահ մնացին արտաբերել երաժշտության պաշտոնապես գրանցված «Արցախ» անունը։

Հայտնի է, որ Ադրբեջանի ԱՕԿ-ը բողոք էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ Միլանում ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող  գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ՝ պնդելով, թե այն «Քաղաքականապես լարված եւ անջատողական է» եւ պահանջել էր երաժշտական ստեղծագործությունից «Արցախ» անվանումը հեռացնել։

Aravot.am-ը քաղաքական եւ հասարակական գործիչներին խնդրեց մեկնաբանել, թե ինչով կարող է պայմանավորված լինել Հայաստանի գլխավոր հեռուստաընկերոuթյան մեկնաբանների՝ «Արցախ» անունը չհնչեցնելը։

Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան. «Զարմանալի չէ։ Զարմանալի չէ նման դրվագների արձանագրումը, որովհետեւ դա բխում է Հայաստանի իշխանության ղեկին նստած այսօրվա քաղաքական խմբակի որդեգրած քաղաքականությունից, որը որակվում է որպես պարտվողական եւ հանձնվողական, եւ որը ենթադրում է Ադրբեջանի ցանկացած քմահաճույքի կատարում՝ ստորադասելով, ջնջելով, ոչնչացնելով հայկականության եւ հայկական ինքնության ցանկացած դրսեւորում։ Կարելի է ասել, որ արդեն երեք տարի նրանք որդեգրել են ընդհանրապես Արցախ բառը չօգտագործելը։ Հիշենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը Պրահայում, առանց դրա իրավասությունն ունենալու, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչը սկիզբ դրեց Արցախի հայաթափմանը եւ արցախահայերի ցեղասպանական գործողություններին։

Նույն տրամաբանության շրջանակներում իրենք շարունակում են բավարարել իրենց ներկայացվող յուրաքանչյուր պահանջ։ Ադրբեջանական կողմն իր ձեռագրին համահունչ առարկել էր «Արցախ» անունով ստեղծագործության օգտագործումը մեր գեղասահորդների կատարման ժամանակ։ Եվ այս պարագայում մեր իշխանություններից ակնկալել ինքնության, ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես գալ, ուղղակի անիրատեսական է։

Սա ընդամենը փոխհամաձայնեցված մոտեցում է։ Եվ այն, որ Հանրային հեռուստատեսությունը, համահունչ կառավարության քաղաքականության թելադրանքին՝ խուսափում է մեր իսկ ստեղծագործության գրանցված անունը տալ, ուղղակի մեկ անգամ եւս ապացուցում է այս իշխանությունների հակահայ լինելու հանգամանքը»։

Գաբրիել Ղազարյան. Սպորտի եւ երիտասարդության  հարցերի նախկին նախարար. «Արա Գեւորգյանի երաժշտությունն իրականում հրաշք է։ Բայց կարեւորն այն է, որ մեկնաբանները, ամենայն հավանականությամբ, Արցախ բառը չօգտագործելու ուղղորդում էին ստացել։ Գուցե վախենում են աշխատանքից ազատվելուց, մի շարք հարցերից։ Ես Արցախ բառը չօգտագործելը դիտարկում եմ այս ժամանակահատվածի հակահայկական քայլ։

Ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, որի դեմ ոչ ոք չի արտահայտվում, իսկ մենք իրավունք չունենք Արցախ բառն ասե՞լ։ Ասել ենք, ասում ենք եւ պետք է ասենք»։

Էդգար Ղազարյան. ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար. «Կարծում եմ, որ այստեղ խնդիրը երկու կողմ ունի։ Առաջին։ Մեզ համար խոցելին այդ հարցում Հայաստանի օլիմպիական կոմիտեն է։ Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության հետ կապված օլիմպիական խաղերի կազմակերպիչներին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն։ Հետեւաբար, դրան հակազդող կառույցը, որը պետք է թույլ չտար անվանման փոփոխություն, պետք է ՀԱՕԿ-ը լիներ։ Եթե օլիմպիական կոմիտեն գտնվեր իր պարտականությունների բարեխիղճ կատարման տիրույթում, Ադրբեջանը նախ նման խնդիր չէր բարձրացնի, բարձրացնելու դեպքում էլ ինքը հաջողություն չէր ունենա, որովհետեւ գեղարվեստական ստեղծագործությունները ոչ մի պարագայում չեն խմբագրվում։

Հայ կոմպոզիտորները, երգիչները, նկարիչները իրենց ստեղծագործությունների անունները չպետք է փոխեն այս կամ այն երկրի պահանջով։ Քաղաքականության հետ ոչ սպորտը կապ ունի, ոչ արվեստը։ Ամեն մի հեղինակ ինքն է ընտրում իր ստեղծագործության անվանումը եւ ամեն մի գեղասահորդ ինքն է ընտրում այն գեղարվեստական ստեղծագործությունը, որի տակ ցանկանում է հանդես գալ։

Հանրային հեռուստաընկերությունում Արցախ եզրույթը վաղուց է, որ չի գործածվում։ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն է, որ Արցախ բառից բոլոր հնարավոր միջոցներով պետք է հրաժարվել։ Եվ Հանրային հեռուստաընկերությունը առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդումով, որովհետեւ նրա սպասարկուն է։ Տեսեք ուր ենք հասել; Գեղարվեստական ստեղծագործությունների մակարդակով արդեն մենք մեր հայրենիքի անունը չենք կարող տալ։ Նույն կերպ կարող է մեզ արգելվել Մուշ, Վան, Ախթամար ստեղծագործություններով արժեքներին մոտենալ, քանի որ դրանք պարունակում են այլ երկրների ղեկավարների քմահաճություններ»;

Մարգարիտ Եսայան. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր. «Մեծ հուզմունքով եմ դիտել մեր գեղասահորդների ելույթը եւ ուրախ եմ, որ նրանք մտան եզրափակիչ։ Դա ուղղակի հպարտություն է առաջացնում։ Ամենեւին զարմացած չեմ, որ Հանրային հեռուստաընկերությունով չհնչեց երաժշտության անվանումը։ Նախապես հնչել էր, որ մեր գեղասահորդները հանդես են գալու Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ներքո, որից հետո Ադրբեջանի կողմից հնչեց արգելք Արցախ բառի հետ կապված։ Զարմացած չեմ, բայց ցավալի է, որ Հանրային հեռուստաընկերությունը կատարեց Ադրբեջանի պահանջը եւ վարողը, որը մեկնաբանում էր գեղասահքի մրցաշարը, խոսքի մեջ որեւէ անգամ չհնչեցրեց, որ հայ գեղասահորդները հանդես են գալիս Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության ներքո։ Սրանք ամեն ինչից վախենում են։ Արցախ բառից վախենում են՝ Արցախը հանձնեցին, արցախցիներից վախենում են՝ արցախցիների սոցիալական վիճակը մեր երկրում չեն բարելավում, 120 հազար արցախցու թողեցին անտուն։ Անգամ Արցախ անունով երաժշտությունից են սրանք վախենում։ Եվ սա է պատճառը, որ Հանրային հետուստաընկերությամբ այդ երաժշտության անունը չհնչեց»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment