Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր․ Գևորգ Ղազարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը գրել է․
«Այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016-2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։
Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային ֆուտբոլային հարթակ դուրս բերելու գործում։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձի, անցած ճանապարհի և այդ փորձը Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։
Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։
Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։
Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»։