«Երևանի գիշերները»՝ համերգային երեկո Օպերային թատրոնի փոքր համերգասրահում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորաբաց փոքր համերգասրահում տեղի կունենա «Երևանի գիշերները» խորագրով համերգը։

«Երևանի գիշերները» համերգային նախագիծը երևանցիներին արդեն ծանոթ է։ Գրեթե երկու տարի շարունակ ամռան երեկոներին Երևանի տարբեր այգիներում կազմակերպվող համերգների միջոցով նախագիծը դասական երաժշտությունը դուրս է բերում ավանդական համերգային տարածքներից՝ այն դարձնելով հասանելի քաղաքի բնակիչների և այցելուների համար։

Այս համերգն առանձնահատուկ է նաև իր վայրով։ Օպերային թատրոնի փոքր դահլիճը շուրջ երեք տասնամյակ գործել է թատրոնի տարածքից դուրս՝ որպես Օպերային ակումբ, իսկ ամիսներ առաջ վերադարձել է թատրոնին։ Այժմ այդ տարածքում կրկին աշխույժ երաժշտական կյանք է ձևավորվում՝ հյուրընկալելով տարբեր ժանրերի համերգներ և մշակութային միջոցառումներ։ «Երևանի գիշերները» ևս միանում է այս նոր երաժշտական նախաձեռնություններին՝ առաջարկելով հանդիսատեսին յուրահատուկ համերգային երեկո։

Համերգին հանդես կգան մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար Գայանե Աբրահամյանը և թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը։

Երեկոյի գեղարվեստական ծրագիրը կհամալրվի պարային դուետով՝ Մարիաննա Գորդոնի և Արա Ասատուրյանի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում կհնչեն հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործություններ՝ ներկայացված կատարողների յուրօրինակ մեկնաբանությամբ։

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:00-ին, Օպերային թատրոնի փոքր համերգասրահում։

Տոմսերը հասանելի են առցանց և թատրոնի տոմսարկղում։

Leave a comment