Factor TV-ն այսօր արձանագրել է, որ Սարյանի փողոցում վերջերս արված արագության զսպման գծանշումները հեռացնում են:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանից հետաքրքրվեցինք՝ որն է պատճառը։ Նա ասաց, որ փողոցը միակողմանի դարձնելուց հետո գիշերային ժամերին մեքենաները մեծ արագությամբ են երթևեկել։
««Գոնկաներ» են արել գիշերային ժամերին, բնակիչները խնդրել են, որ որոշակի լուծում գտնենք, քանի որ հնարավոր չի եղել քնել»,- բացատրեց խոսնակը։
Սակայն, դրանք տեղադրելուց հետո բնակիչները դարձյալ դիմել են քաղաքապետին՝ դժգոհելով նաև այդ լուծումից, քանի որ ջերմապլաստից գծանշումների վրայով անցնող մեքենաների անվադողերի աղմուկը ևս խանգարում է։
«Քաղաքապետը հանձնարարել է, որ մաքրեն դա, հանեն, այլ լուծում առաջարկեն ու այլ բան անեն այդտեղ»,- ասաց մամուլի քարտուղարը։ Որքան գումար է ծախսվել սկզբնական աշխատանքների իրականացման համար, ով է իրականացրել դրանք, և արդյոք գծանշման հեռացման ու նոր լուծման համար լրացուցիչ միջոցներ են նախատեսվում․ Factov TV-ն գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան։
Արփի Հակոբյան