Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքի հաղորդավարներ Էջե Ուներին և Դենիզ Բայրամօղլուին, ինչպես նաև ևս յոթ անձի։ Սա հեռուստաալիքի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուի գործի շրջանակում իրականացվող խուզարկությունների երրորդ փուլն է։ Հեռուստաալիքը հոկտեմբերին անցել էր պետական վերահսկողության տակ, գրում է Turkish Minute-ը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 12 անձի ձերբակալելու որոշում է կայացրել՝ կաշառակերության, մրցույթների արդյունքների կեղծման, փողերի լվացման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ դրան անդամակցելու, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելու և հարկային օրենսդրությունը խախտելու կասկածանքով։ Ձերբակալվածների թվում են նաև Իզմիրի քաղաքապետարանի երկու աշխատակից և տրանսպորտային միջոցների սպասարկմամբ զբաղվող Bustech ընկերության երեք աշխատակից։
Դատախազության տվյալներով՝ Հաքան Քյուրշադ Օղուզը, որը նախկինում զբաղեցրել է Halk TV-ի նորությունների համակարգողի պաշտոնը, արտերկրում է։ Մյուս կասկածյալներից մեկն արդեն կալանավորված է մեկ այլ գործով, իսկ երրորդին ոստիկանությունը դեռ փնտրում է։
Դատախազությունը պնդում է, որ ամուսիններ Էջե Ուներն ու Դենիզ Բայրամօղլուն կեղծ լուրեր հեռարձակելու դիմաց ամսական ստացել են 1,65 միլիոն թուրքական լիրա (մոտ 32, 500 դոլար) չհայտարարագրված վճարումներ։
Թուրքական հեռուստատեսության հայտնի լրագրող Ուները նախկինում վարել է Show TV-ի գլխավոր լրատվական թողարկումը։ Նա հայտնի է եթերում իր մեկնաբանություններով, որոնք երբեմն լայն տարածում են ստանում համացանցում։ Մարտին լայնորեն տարածվել էր տեսանյութ, որտեղ նա Halk TV-ի լրատվական թողարկումը եզրափակում էր իսպաներենով՝ շնորհակալություն հայտնելով Իսպանիային Իրանի դեմ պատերազմի հարցում ունեցած դիրքորոշման համար։ Տեսանյութը լայն տարածում էր գտել իսպանացի օգտատերերի շրջանում։ Հետաքննությունը վերաբերում է այն պնդումներին, թե Մահիրօղլուն 2021 թվականին Bustech-ը ստեղծել է որպես քողարկված ընկերություն և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերից ստացված եկամուտներն օգտագործել Halk TV-ի և իր մյուս բիզնեսների ֆինանսավորման համար։
Դատախազության պնդմամբ՝ ընկերությունը կաշառել է Իզմիրի քաղաքապետարանի պաշտոնյաներին և այլ աշխատակիցների՝ տրանսպորտային միջոցների սպասարկման և մաքրման ծառայությունների պայմանագրերը շահելու նպատակով։ Այդ ժամանակ քաղաքապետարանը ղեկավարում էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)։ Կաշառակերության վերաբերյալ մեղադրանքները հիմնավորելու համար դատախազությունը վկայակոչել է լուսանկարներ, հեռախոսային տվյալներ և քննությանը համագործակցող կասկածյալների ցուցմունքներ։
Արտերկրում բնակվող Մահիրօղլուն նախկինում հերքել է մեղադրանքները։ Նրա ձերբակալության օրդերը տրվել է 2025 թվականի հունիսի 10-ին՝ Ստամբուլի քաղաքապետարանի հետ կապված մեկ այլ՝ մրցույթների արդյունքների կեղծման գործի շրջանակում։
Ոստիկանությունն առաջին անգամ խուզարկություն էր իրականացրել հեռուստաալիքի՝ Ստամբուլում գտնվող գլխավոր գրասենյակում հոկտեմբերի 14-ին՝ ընդհատելով ուղիղ հեռարձակումները։ Թուրքիայի պետական Ավանդների ապահովագրման հիմնադրամը (TMSF) նշանակվել էր Halk TV-ի և Մահիրօղլուի հետ կապ ունեցող ընկերությունների կառավարիչ։ Խուզարկությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին։ Դատախազության տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ երկու նախորդ գործողությունների ընթացքում ձերբակալվել էր 19 մարդ, որոնցից ութը նախնական կալանքի էր վերցվել։
Հինգշաբթի Մամուլի Միջազգային ինստիտուտի գլխավորած մամուլի ազատության հարցերով միջազգային պատվիրակությունը կոչ էր արել դադարեցնել Halk TV-ի և ընդդիմադիր մեկ այլ հեռուստաալիքի՝ Sözcü TV-ի նկատմամբ պետական վերահսկողությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի