Եթե մեկը կա, որ գանձեր է տվել ուրիշներին, հենց ինքն է. Ինքն է Ղազանչեցոցը, Ամարասը, Գանձասարը… տվել, անլուրջ է ինքը. Տեր Վրթանես

«Որ առողջապահության  նախարարը վարչապետի դեղերը ժամանակին տալու փոխարեն զբաղվի վարչապետի ուդառնիկի տակ անտաղանդ պարելով՝ հիվանդ մարդն էլ անլուրջ հայտարարություններ կանի»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի միջոցով փորձ էր արվում կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը դուրս հանել ՀՀ-ից:

«Վարչապետը անհավասարակշիռ վիճակում էր, հավանաբար, դեղերը չէր խմել, անլուրջ բաներ էր ասում, իր ասածները մեկնաբանելու ենթակա չեն: Ինքն  ուզում է մեզանից մեր եկեղեցու ունեցվա՞ծքը պաշտպանել, դա նույնն է, որ ասի, թե ինչ-որ մեկի սեփական տան գույքը տիրոջից պաշտպանում եմ: Թող ինքը գնա պաշտպանի Ջերմուկի վերեւում եղած այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են ու ամրաշինական հսկայածավալ աշխատանքներ են արել: Թող պաշտպանի Գեղարքունիքի մարզը,  Ներքին Հանդը ու այն բոլոր տարածքները, որտեղ հակառակորդը ներխուժել է  մեր սահման: Եթե մեկը կա, որ գանձեր է  տվել ուրիշներին, հենց ինքն է: Ինքն է Ղազանչեցոցը, Ամարասը, Գանձասարը… տվել, անլուրջ է ինքը»,- հավելեց տեր Վրթանեսը:

Անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովի տապալմանը՝ տեր Վրթանեսը շարունակեց. «Ինքը դրսի էն հակահայ ուժերին, որոնց կապիտուլյացիայից հետո չի կարողանում մերժել, խոստացել է պայքարել հայ եկեղեցու դեմ՝ անտեսելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, միջամտելով եկեղեցու ներքին գործերին: Եթե օրենք ու արդարություն լիներ, դրա համար պետք է ձերբակալվեր: Բայց քանի որ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, մարդու իրավունքների պաշտպան ու գրպանային դատավորներ ունի, շարունակում է իր անօրենությունները ու չարաշահում է իր լիազորությունները՝ Սահմանադրությունն  ու ՀՀ օրենքները խախտելով»:

Անդրադառնալով վեհափառ հայրապետին հանգստի կոչելու Փաշինյանի նախաձեռնությանը՝ տեր Վրթանեսն ասաց. «Այն, ինչ չի կարողանում հիմա անել, Ալիեւին ու Էրդողանին խոստանում է անել ընտրությունից հետո, ժամանակ է խնդրում, ասում  է սահմաններին  թող խաղաղություն լինի, մի երկու գյուղ եք ուզում, էդ էլ կտանք: Հենց ինքը վերարտադրվի՝ առաջինը Տիգրանաշենը կտա Ադրբեջանին, ադրբեջանցիներին կբերի, կնստեցնի Երեւանի հարեւանությամբ:

Հիմա Ալիեւն ու Էրդողանն ինչ ուզում են, Փաշինյանը խելոք տալիս է, չի կարող նրանց մերժել: Իր դեմ կոմպրոմատներ ունեն,  ինչպես ինքն ունի այն տիրադավ եպիսկոպոսների դեմ: Ինչ ուզում է, նրանց հետ անում է, նույն ձեւ Ալիեւն ու Էրդողանն են իր հետ անում:
Եթե ուզում ենք՝ ՀՀ-ն չհայտնվի Արցախի կարգավիճակում, չպետք է ընտրենք Նիկոլ Փաշինյանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment