Դավիթ Համբարձումյան․ Իշխանություններն առաջարկել են քննարկել ընտրությունների հետագան՝ սկզբից մերժել եմ

Մասիսի համայնքապետի պաշտոնին հավակնող «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ ամիսներ առաջ իշխանություններից ընտրությունների հետ կապված առաջարկ է ստացել և մերժել այն։

«Այո, իշխանություններից ինձ առաջարկ է եղել քննարկելու առաջիկա ընտրությունների հետագան, հենց սկզբից մերժել եմ, քանի որ ես երբեք պայմանավորված համայնքի ղեկավար չեմ աշխատի, ի՞նչ է նշանակում պայմանավորվել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դավիթ Համբարձումյանը, հայտնում է Panorama.am-ը:

Համայնքապետի թեկնածուն շեշտել է, որ ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու են Մասիսի բնակիչները՝ վստահություն հայտնելով մասիսցիների հաղթանակի նկատմամբ։

Անդրադառնալով իշխանություններից ստացված առաջարկին՝ Համբարձումյանը պարզաբանել է, որ այն հնչել է դեռևս ամիսներ առաջ և առնչվել տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին. «Հենց սկզբից ես մերժել եմ այդ առաջարկը»։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 13-ին Մասիսի բնակիչներն իրենց ընտրությամբ կհայտնեն իրենց վերջնական դիրքորոշումը:

«Իմ դեմքով թե առանց ինձ՝ դեկտեմբերի 13-ին բոլորը կհամոզվեն, թե մասիսցին ինչ է ուզում»,-ասել է նա:

Նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը հրապարակելու է Դավիթ Համբարձումյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը։ Ըստ պաշտպանների, հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել հոկտեմբերի 19-ին և «ռեակտիվ արագությամբ» քննության են առնվել։ Նրանք մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։

Leave a comment