Փաշինյանը կարգելի՞ Արամ Խաչատրյանի հեղինակած «Սուսերով պարը»

Արցախյան հերոսամարտերում ու պատերազմներում հանուն հայրենիքի ազատագրման իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոս տղերքի նկարները մայրաքաղաքի տարբեր հատվածներում ջնջել-վերացնելը քիչ էր, հիմա էլ վարչապետի մակարդակով արգելվում են ռազմական բովանդակությամբ բեմադրությունները։

Շուտով հերթը կհասնի նաև հայրենասիրական երգերին, ֆիլմերին, ներկայացումներին, բալետներին ու օպերաներին։

Երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը խստորեն քննադատեց «Մոնթե» ֆիլմի առաջնադիտմանը «Մոսկվա» կինոթատրոնի տանիքին կազմակերպված ինքնաձիգներով պարային բեմադրությունը՝ տեղի ունեցածն անվանելով «աբսուրդ» և հարցադրում անելով, թե ով է թույլ տվել Երևանի կենտրոնում՝ թիվ մեկ կինոթատրոնի տանիքին ավտոմատներով պարել։

«Ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել: Եկեք մի պահ ուրիշ կողմով նայենք, դեռ Ադրբեջանն ու Թուրքիան մի կողմ, ասենք մի եվրոպական երկիր՝ Ռումինիան, օրինակ, նայում են ու կենտրոնում՝ թիվ մեկ կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում են: Այսինքն՝ մենք սա չենք տեսնում, հետո էլ զարմանում ենք, թե էս մի բանն ինչու է այնպես, մյուս բանն ինչու է այդպես: Դա աբսուրդ է, հետո էլ ասում են՝ Հայաստանում բռնատիրություն է, ազատություն չկա: Էդ ովքե՞ր են էդ մարդիկ, որ «Մոսկվա» կինոթատրոնի կռիշների վրա ավտոմատներով պարում են, իրենց ո՞վ էր թույլ տվել»,- վրդովվել է վարչապետը։

Լրագրողի դիտարկմանը, թե դա ֆիլմից տեսարան էր, Փաշինյանն արձագանքել է՝ «թող գային, ավտոմատներով կառավարության շենքում պարեին, գնային Ազգային ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին: Դա նորմա՞լ տեսարան էր: Հետո պիտի վերադառնք Եռաբլուրի ընդլայնման և չընդլայնման թեմաներին: Այսինքն՝ մեր կանխավարկածն էն է, որ ավտոմատներով կռիշների վրա պարելու ենք, և Եռաբլուրը նեղանալո՞ւ է»։

Որից հետո ևս մեկ անգամ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժման մասին իր գնահատականները, որ փակել է Ղարաբաղյան շարժման էջը, իսկ դա վերաբացելը նոր պատերազմի կհանգեցնի:

Հայաստանի իշխանությունների կողմից նման դիրքորոշումներ հայտնելուց հետո երբեմն նախանձախնդրորեն են նայում Ադրբեջանի ժողովրդին, որի ղեկավարությունը՝ Բաքվի բռնապետի ղեկավարությամբ, պատերազմից թե՛ առաջ, թե՛ հետո որևէ պարտվողական ու երկչոտ հայտարարություն չարեց՝ խաղաղության սոուսով համեմված և իր ժողովրդի ռազմական, հայրենասիրական ու ինքնապաշտպանական ոգին ճնշելու տրամադրություններով լիցքավորված։ Ալիևը արցախյան վերջին պատերազմի օրը հաղթական տրամադրությամբ է այցելում իր նախաձեռնությամբ ստեղծված՝ 44-օրյա պատերազմի հաղթանակին նվիրված բացօթյա թանգարան, որտեղ Հայաստանն ու հայ զինվորը ստորացված ու նվաստացված ադրբեջանական բանակի ոտքերի տակ են պատկերված։ Ադրբեջանցի ժողովրդի ռազմատենչության այդ խորհրդանիշը, չգիտես ինչու, չի ազդում Փաշինյանի նյարդերի վրա ու նա Ալիևին չի հանդիմանում, թե նման վերաբերմունքով նա հերթական ագրեսիան է սադրում։ Բայց ֆիլմի առաջնախաղին ներկայացված մի անմեղ պար Փաշինյանի ահուսարսափի պատճառն է դարձել, թե այն կարող է նոր պատերազմ հրահրել՝ որպես մեր ռազմական ներուժի և հաղթական ոգու ցուցադրության հետևանք։

Փաստացի իր այդ հայտարարությամբ ու վրդովմունքով Փաշինյանը զենքի ցուցադրությամբ բեմականացումները մեզանում արգելելու հրահանգ հնչեցրեց, և զուր չէր, որ անմիջապես հաջորդեց «Մոսկվա» կինոթատրոնի արդարացումը, թե բեմականացման հետ իրենք որևէ առնչություն չեն ունեցել, բայց այսուհետ նկատի կունենան վարչապետի հրահանգը և հետևողական կլինեն, որպեսզի այլևս նման բան չկրկնվի։

Փաստացի Հայաստանում վերականգնվում են 1937 թվականի բարքերը, երբ պետական գրաքննությունը սահմանափակել էր ստեղծագործական ազատությունն ու ինքնուրույնությունը։ Փաշինյանի տրամաբանությամբ՝ փաստորեն Հայաստանում պետք է արգելվի զենքի ցուցադրությամբ ցանկացած գեղարվեստական գործ՝ լինի պար, ֆիլմ, ներկայացում թե որևէ այլ ձևաչափ։ Եվ այդ արգելքի տակ կարող է հայտնվել համաշխարհային մեծության կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի համար գրված «Սուսերով պարը», որի սյուժեի համաձայն՝ բալետում նկարագրվող պատմության մեջ դիվերսանտները վնասազերծվել են, և սահմանամերձ հայկական գյուղը վերականգնվել է, դրա բնակիչները տոնում են խաղաղ կյանքին վերադարձը։

Քանի որ ստեղծագործությունը գրվել է 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ շրջանում, այն իր սրընթաց ու մարտական ռիթմով նաև խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության ոգին ու հաղթանակի հավատը։ Իսկ Փաշինյանը հենց նման դրսևորումներից է ծառս լինում ու ամենևին զարմանալի չի լինի, որ մոտ ապագայում «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության պես նման մի արդարացող բովանդակությամբ հայտարարություն տարածի Օպերայի և բալետի թատրոնը՝ «Գայանեն» ցուցադրելուց հետո։

Թագուհի Ասլանյան

Leave a comment