ՔՊ-ական 8 համայնքապետ դատական հայց են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի դեմ՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում։ Համայնքապետներն ընդդիմադիր պատգամավորից պահանջում են 500 հազարից մինչև 3 միլիոն փոխհատուցում վճարել, հայտնում է Sputnik Արմենիան:
Դատական գործընթացների համար հիմք է հանդիսացել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Յոլյանի ունեցած ելույթը։ Պատգամավորը հայտարարել է, որ ՔՊ-ական համայնքապետերը սեփական ընկերություններ են հիմնել և անորակ ասֆալտապատման աշխատանքների միջոցով վատնում են պետական բյուջեի միջոցները։ Յոլյանը նաև նշել է, որ, չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, սերիալներ ու մարտաֆիլմեր չեն նկարահանում, քանի որ պորտալարով կապված են իշխանությունների հետ։
Յոլյանի դեմ արդեն դատարան են դիմել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, որի հայցադիմումը դատարանը վերադարձրել է, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը։