Քաղաքականություն
27.11.2026 | 13:10
Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 27-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Ժիտոմիրի և այլ մարզերի վրա, փոխանցում է Current time-ը։
Իզյումում ռուսական հարձակման հետևանքով վեց մարդ է տուժել, վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր ու տներ, վարչական շենքեր, կոմունալ ձեռնարկության շինություն և ավտոմեքենաներ։ Խարկովի Շևչենկովսկի շրջանում երեք մարդ է վիրավորվել։
Կրիվոյ Ռոգում մեկ մարդ զոհվել է։ Այստեղ վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքներ և պահեստային շենք։ Նիկոպոլի շրջանում երկու մարդ է վիրավորվել։ Նրանց ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Վիննիցայի մարզում ռուսական հարվածների հետևանքով վնասվել են էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան։ Ժիտոմիրի մարզում երկու մարդ է տուժել, հարձակման թիրախ են դարձել էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև մասնավոր բնակելի տները։ Կիրովոգրադի մարզում հարվածի տակ է հայտնվել կրիտիկական ենթակառուցվածքը։ Հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 155 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 110-ը։ Անօդաչուների անկում է արձանագրվել 27 վայրում, դրանց բեկորների անկում՝ չորս վայրում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հետևանքով խոցվել են Խմելնիցկիի մարզի «Տերմոպլաստ» արդյունաբերական ձեռնարկությունը, Զապորոժիեում՝ «ՄՊԿԱ-Ուկրաինա» գործարանը, Կրիվոյ Ռոգի և Ժիտոմիրի էլեկտրաենթակայանները, Բելայա Ցերկով քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնը, Զապորոժիեում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտը, Կրիվոյ Ռոգում, Պերշոտրավենսկում և Բոգդանովկայում գտնվող չորս երկաթուղային լոկոմոտիվները, ինչպես նաև Ուկրաինա ուղևորվող բեռնատար նավ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի