«Մարտի 1-ի» գործով հանրային մեղադրողը միջնորդեց հարցաքննել Սերժ Սարգսյանին, Տիգրան Թորոսյանին և այլ նախկին պաշտոնյաների

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում այսօր հանրային մեղադրողը միջնորդեց դատարանում հարցաքննել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Ըստ մեղադրողի՝ իր ներկայացրած վկաների հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ դատարանի համար՝ գործով վերդիկտ կայացնելիս։

Մեղադրողը միջնորդեց հարցաքննության հրավիրել 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Թորոսյանին, այդ ժամանակահատվածում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Դանիելյանին, ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև այդ ժամանակահատվածում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։ Ապացույցների ծավալի ներկայացման ընթացքում հանրային մեղադրողը ներկայացրեց նաև այլ նախկին պաշտոնյաների անուններ, այդ թվում նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի անունը:

 

Գործով պաշտպաններից Միհրան Պողոսյանը հետաքրքրվեց՝ ԱԺ ներկայիս նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ Կարապետ Ռուբինյանի անունը ինչու բաց թողեց, ի պատասխան հանրային մեղադրողը հստակեցրեց, որ արդեն տվել է նրա անունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները անցնում են «Մարտի 1»-ի գործով՝ վերաբացված վարույթի և դատարանում հաստատված նոր մեղադրանքների շրջանակում: Ի դեպ, այս նոր հոդվածով արդեն անցել են վաղեմության ժամկետները. սա նշանակում է, որ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նրանք չեն ազատազրկվի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment