Ամերիկյան նախագծվող մոդուլային ատոմակայանն իր պասիվ անվտանգության համակարգերով, գործարանային արտադրության սկզբունքով և էներգետիկ ճկունությամբ առավել գրավիչ է Հայաստանի համար, քան ավանդական խոշոր կայանները։ Այս մասին փետրվարի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ամերիկյան մոդուլային ատոմակայանը ունի մի շարք առավելություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այդ կայանի տեսակը Հայաստանի համար։ Առաջինն այն է, որ ինքը պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու. վթարային իրավիճակներում մարդու միջամտության կարիք չի լինելու սառեցման համար»,- ասաց Մեսրոպյանը։ Նա հավելեց, որ սարքավորումների 80-90%-ը կարտադրվի գործարաններում և տեղում կհավաքվի «լեգոյի սկզբունքով», ինչը բարձրացնում է անվտանգության դասը։
ՀԾԿՀ նախագահը հակադարձեց այն մտավախություններին, թե Հայաստանը փորձադաշտ է դառնում նոր տեխնոլոգիաների համար։
«Աշխարհի 15 պետություններում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում՝ ճիշտ այն փուլում, որում մեր նախնական տարբերակն է։ Գործը դեռ չսկսած՝ փխրուն ենթադրությունների վրա վատաբանելն ու ընդդիմանալն ընդունելի չէ»,- նշեց նա։
Մեսրոպյանի խոսքով՝ փոքր հզորությամբ մի քանի մոդուլների առկայությունը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել էներգահամակարգը։
«Մոդուլային ատոմակայանները շատ ավելի ճկուն են։ Մենք ստիպված ենք լինում բեռնաթափել մեր գործող ատոմակայանը արևային կայանների աշխատանքի պատճառով, ինչը շատ վատ աշխատանքային ռեժիմ է։ Իսկ երբ կունենանք փոքր մոդուլային կայաններ, պարզապես բեռնաթափելու խնդրից կազատվենք»,- պարզաբանեց պաշտոնյան։
Անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը՝ նա վստահեցրեց, որ Մեծամորի ատոմակայանի ընթացիկ կանգառը դեֆիցիտ չի առաջացնի, քանի որ Հայաստանն ունի ավելցուկային տեղակայված հզորություններ։ «Ցանկացած պահի մենք այս կամ այն կայանը կարող ենք փոխարինել կանգառի մեջ գտնվող գեներացիայով»,- ասաց Մեսրոպյանը՝ հիշեցնելով, որ գործող կայանը կաշխատի մինչև 2036-ը, իսկ դրանից հետո հնարավոր է շահագործման ժամկետի ևս 5-10 տարով երկարաձգում։
***
Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։
Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։
Ուսումնասիրվում են Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մոդելնելները, որի ընտրության հարցում Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի։
Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։
The post Ամերիկյան մոդուլային ատոմակայանները գրավիչ են Հայաստանի էներգահամակարգի համար․ ՀԾԿՀ նախագահ appeared first on CIVILNET.