Շվեյցարիայի դեսպանի հետ համդիպմանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում քաղաքական առաջնորդների կալանավորումներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Շվեյցարիա համագործակցությանը, ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին ու ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին առնչվող հարցեր։

Արթուր Խաչատրյանը մտահոգություն է հայտնել, իր կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, ինչպես նաև ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ։

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են, իրենց խոսքով, մեր երկրում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին։

Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ՝ կարևորելով առանց նախապայմանների փաստաթղթի ստորագրումը։ Այս համատեքստում ընդգծվել է մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Դեսպանը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։ Այս համատեքստում Անդրեա Բաումանն ընդգծել է բարեկամական խմբերի դերակատությունն ու արժևորել վերջին տարիների փոխգործակցությունը։ Նա բարձրաձայնել է Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերը։

Կողմերը համակարծիք են եղել, որ, մասնավորապես, տնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտություն կա։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment