Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներքաղաքական կյանքում և արտաքին մարտահրավերների ֆոնին սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ ամենաթեժ քննարկումների առանցքում: Իշխանություն-ընդդիմություն բանավեճը գնալով սրվում է, իսկ կողմերը միմյանց մեղադրում են հակապետական գործունեության մեջ: Factor TV-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ընդդիմության գործողություններին և խաղաղության օրակարգին:

«ՔՊ-ն ունի ճանապարհային քարտեզ՝ սահմանադրական հանրաքվեի գնալու: Իսկ ընդդիմությունը մնացել է լուսանցքում»,- ասում է Մինասյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների այն պնդումներին, թե Սահմանադրությունը փոխվում է Բաքվի թելադրանքով: «Եթե «ալիևյան» է սահմանադրությունը, ժողովուրդը կասի՝ ոչ: Դա ընդդիմության միֆն է, որ իրենք ձայն են ստացել՝ հանրաքվեն խափանելու համար»,- նշում է պատգամավորը՝ ընդգծելով, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի Մայր օրենքի ճակատագիրը:

Մինասյանն անդրադառնում է նաև ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջներին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ այդ ռիսկին: «Նիկոլ Փաշինյանը զոհասեղանին է դնում իր պաշտոնը, գոռում է՝ հեռացրեք ինձ: Եկեք հանրաքվեի գնանք՝ ժողովուրդը թող «ոչ» ասի»,- ասում է նա: Պատգամավորը կոչ է անում ընդդիմությանը. «Հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, պայմանագիր կնքվի, և Փաշինյանն այլևս չի առաջադրվի»:

Խոսելով ընդդիմության արտաքին քաղաքական կողմնորոշման մասին՝ ՔՊ-ական պատգամավորը նրանց մեղադրում է ռուսամետության և խաղաղության օրակարգը խափանելու մեջ: Ըստ նրա՝ «Մոսկվան դեռ չի հրահանգել՝ ընդդիմությունն իրեն ոնց պահի, դիրեկտիվները դեռ չեն հասել, թե ինչ ասեն»: Նա հավելում է, որ ընդդիմությունը կրկնում է Ռուսաստանի թեզերը. «Մտահոգ են ԹՐԻՓՓ-ով, ԵՄ դիտորդներով, կոնֆլիկտի հարատևություն են ուզում»: Մինասյանի խոսքով՝ ի տարբերություն ընդդիմության, իշխանությունն ուզում է «կոնֆլիկտի էջը փակել», մինչդեռ «ընդդիմությունը Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու ՀՀ-ի քննարկմանը»:

Մինասյանը խիստ քննադատության է ենթարկում նաև արտախորհրդարանական ուժերին՝ մասնավորապես ՀԱԿ-ին, նշելով, որ այն կորցրել է իր քաղաքական դեմքը: «ՀԱԿ-ը ջնջել է իր քաղաքական գիծը, վերադարձել է ՀՅԴ-ի ծիր: 95-ին իրենք էին Սահմանադրություն գրել՝ առանց Անկախության հռչակագրի»,- հիշեցնում է պատգամավորը: Նա նաև անդրադառնում է ՀԱԿ-ի ներկայիս դիրքորոշմանը. «ՀԱԿ-ը վաղուց է զիջումներ արել: Մարտի 1-ին զոհեր տվածն ու Մարտի 1 իրականացրածը միավորվեցին»:

Ամփոփելով խոսքը՝ Լիլիթ Մինասյանը ևս մեկ անգամ վերահաստատում է իշխանության վճռականությունը՝ գնալ սահմանադրական հանրաքվեի և լուծել արտաքին քաղաքական խնդիրները՝ հիմնվելով ժողովրդի կամքի վրա:

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment