Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին կարգավորել են ֆրանսիական Château Miraval գինեգործարանի շուրջ երկարամյա դատական վեճը։ Նախկին ամուսինները բաժանումից տասը տարի անց արտադատական համաձայնության են հասել, հայտնում է People-ը։
Վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Ջոլին գինեգործարանում իրեն պատկանող բաժնեմասը վաճառել էր Stoli Group-ի կազմում ընդգրկված Tenute del Mondo ընկերությանը։
Փիթը դատական հայց էր ներկայացրել նախկին կնոջ դեմ՝ պնդելով, որ վերջինս խախտել է համատեղ բիզնեսում բաժնեմասերն առանց փոխադարձ համաձայնության չվաճառելու պայմանավորվածությունը։ Ջոլին, իր հերթին, հերքել էր այդ պնդումը՝ նշելով, որ սեփական ակտիվների վաճառքի համար Փիթի համաձայնության կարիքը չուներ։
Ձեռք բերված համաձայնության ֆինանսական պայմանները, ներառյալ կողմերին հնարավոր վճարումները և գինեգործական բիզնեսի նկատմամբ իրավունքների հետագա բաշխումը, չեն հրապարակվել։
Փիթը և Ջոլին համատեղ ձեռք էին բերել Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող Château Miraval կալվածքի վերահսկիչ բաժնեմասը։ Գինեգործարանը հայտնի է վարդագույն գինիների արտադրությամբ։