Խաղաղության գործընթացի տրամաբանությունում չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում. փորձել ենք բացատրել

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը ասուլիսի ժամանակ երկու կարևոր կետ է առանձնացրել ծաղկաձորյան հանդիպումից։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը։  Հայկական կողմի պարագայում դա գերիների հարցն է եղել։

«Նորից եմ ուզում շեշտել, որ այս խումբը չունի իրավազորություն՝ որևէ կերպ ազդելու գործընթացների վրա, բայց ունի հանրային կարծիք ձևավորելու հնարավորություն, ուստի մենք հերթական անգամ փորձել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին բացատրել՝ ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում: Իրենք էլ իրենց կողմից են հումանիտար հարցեր բարձրացրել՝ ականապատ (տարածքների) քարտեզները, 90-ականների պատերազմի ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը, և մենք էլ, որքանով հասկանում եք, հստակ պատասխաններ չունենք, բայց փոխադարձ փորձում ենք հասկանալ և որոշ ինֆորմացիա ճշտել։

Երկու հասարակությունների համար էլ գործընթացը շատ արագ է ընթանում, և մարդիկ երկու կողմում էլ դժվարանում են մարսել այդ գործընթացները: Երկու կողմերն էլ բողոքում են, որ չեն հասցնում քաղաքական պրոցեսների հետևից: Բայց մենք նշում էինք, որ սովորաբար պատմության մեջ հակառակն է լինում, երբ հանրությունները պատրաստ են, բայց քաղաքական պրոցեսներն են ծանր ընթանում. հիմա մենք ունենք հնարավորությունը հավասար, եթե ոչ արագ անցնելու առաջ»,- ասել է Սուլթանյանը:

Leave a comment