Խիղճս տանջում է. Փաշինյանը` նոր անձնագրերում արցախցիների ծննդավայրը Ադրբեջան նշելու մասին

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը պնդեց` ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, երբ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիղճը տանջում է, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայր է նշվելու Ադրբեջանը։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշվելու է Ադրբեջան, ոչ թե Արցախ կամ արցախյան քաղաքներից մեկը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։

«Իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր…տանջում է…Այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեմ` չէ, չի տանջո՞ւմ…Տանջում է, այո՛, շատ, ահավոր… Այդ թվում դրա համար է, որ ասում եմ` ՀՀ կենսաչափական նոր անձնագրերի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվել նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի թեզերի վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի։ Այդ երկուսն անհամատեղելի են իրար հետ` կա՛մ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կա՛մ նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի շրջանակում մնանք։ Սա պարզ քաղաքական ընտրություն է»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև պնդեց` ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, երբ Եռաբլուրի ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։

Leave a comment