Առանց դիմումի և քաշքշուկների․ ի՞նչ է արվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կարգավիճակը հստակեցնելու համար

Կառավարությունը նոր կարգավորում է առաջարկում, որով հիմնովին փոխվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և այդ խմբին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման և հաշվառման ընթացակարգը։ Գործադիրի նիստում ներկայացված նախագծի գլխավոր նպատակը ոլորտը թափանցիկ դարձնելն ու տեխնիկական ձևականություններից մասնագիտական իրական աշխատանքի անցնելն է։

Փոփոխությունների ամենաշոշափելի արդյունքը վերաբերում է ուսանողներին ու դիմորդներին։ Մինչ այժմ քոլեջներ կամ բուհեր ներկայացնելու համար կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով քաղաքացիները ստիպված էին առանձին դիմում ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնին։

Նախագծի ընդունումից հետո այդ գործընթացը կպարզեցվի․ կարգավիճակի հաստատումից հետո ձևավորված տեղեկանքներն ավտոմատ կերպով հասանելի կդառնան երեխայի օրինական ներկայացուցչի կամ չափահաս շահառուի անհատական օգտահաշվում՝ բացառելով լրացուցիչ դիմումների անհրաժեշտությունը։

Նոր կարգավորմամբ կառավարությունը փորձում է վերացնել զուտ տեխնիկական հաշվառման պրակտիկան։ Այսուհետ կարգավիճակի հաստատմանը նախորդող հաշվառումն իրականացնելու է երեխայի կամ անձի փաստացի բնակության համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը։ Սա թույլ կտա տեղում խորքային ուսումնասիրել շահառուի իրավիճակն ու կարիքները։

Բացի այդ, կարգավիճակի հաստատման ողջ շղթան տեղափոխվում է միասնական տեղեկատվական համակարգ։ Համապատասխան աշխատակազմը համակարգի միջոցով կուսումնասիրի սոցիալական աշխատողի կատարած հաշվառումը, իսկ թերությունների կամ հարցերի դեպքում կարող է դիտարկումներ թողնել և գործը հետ ուղարկել վերանայման։ Միևնույն ժամանակ, սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով հնարավորություն կունենա հետևել ողջ գործընթացին՝ ապահովելով թափանցիկությունն ու պատասխանատվությունը։

Մարիաննա Արամյան

Leave a comment