Եռաբլուրից պիտի խոսենք ՝ քո նմաններն ու քո թիմակիցների նմանները Հայաստանը ադրբեջանական գավառ կամ թուրքական վիլայեթ չսարքեն. Շարմազանով

«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, կա Հայաստանի ինքնիշխանության հարց։ Տարիներ առաջ եմ ասել՝ կամ Հայաստանի անկախության, կամ Հայաստանի վիլայեթացման կողմնակից ես։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրա թիմը չեն էլ թաքցնում, որ այս ամենն արտաքին պատվեր է՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին պատվերը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ երկու երկիր կա, որոնք դրական են գնահատել Սահմանադրության նախագիծը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։

«Սա գործընթաց է, որը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը։ Սա դեմ է մեր ինքնիշխանությանը և խոսում է մեր ինքնիշխանության ու անկախության կորստի մասին։ Ինչքան էլ Նիկոլն ասի՝ Եռաբլուրից չխոսեք, Եռաբլուրից պիտի խոսենք ու Եռաբլուրի խորհրդով պիտի ապրենք, որովհետև Եռաբլուրն առաջացել է նրա համար, որ քո նմաններն ու քո թիմակիցների նմանները Հայաստանը ադրբեջանական գավառ կամ թուրքական վիլայեթ չսարքեն»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախության հիմքերից։

«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է։ Եթե Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է, ուրեմն իր սիրելի Պապ թագավորն էլ է կոնֆլիկտածին, Հայկ նահապետն էլ է կոնֆլիկտածին, Վարդան Մամիկոնյանն էլ է կոնֆլիկտածին, Գարեգին Նժդեհն ու Վազգեն Սարգսյանն էլ են կոնֆլիկտածին, ամբողջ հավաքական հայ ժողովուրդն էլ է կոնֆլիկտածին։ Իսկ դա ադրբեջանական և թուրքական խոսույթ է»,- նշեց Շարմազանովը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment