Ուկրաինայի պատերազմի կարգավորմանն ուղղված բանակցություններում ԱՄՆ նախագահի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթկոֆը եվրոպացի գործընկերներին հայտնել են, որ Մոսկվայի հետ բանակցություններում կենտրոնացել են տարածքային և անվտանգության հարցերի, այլ ոչ թե ռուսական բիզնեսում ներդրումների վրա։ Այս մասին, հղում անելով մի քանի իրազեկ աղբյուրների, հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ աղբյուրների՝ սկզբում ռուս պաշտոնյաները դրական են արձագանքել Քուշների և Ուիթկոֆի առաջարկներին՝ կարծելով, որ բիզնես գործարքների հեռանկարը կօգնի պահպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունը ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Սակայն հետագայում, ըստ FT-ի, Կրեմլը սառել է այդ գաղափարի նկատմամբ և շարունակել պնդել Ուկրաինայի կողմից զիջումների, այդ թվում՝ տարածքային, անհրաժեշտությունը, որոնք Կիևն անընդունելի է համարում։
Զրուցակիցների խոսքով՝ նոյեմբերի սկզբին Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ամերիկացիների համար ակնհայտ է դարձել, որ բիզնես գործարքները չեն մեղմի Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը։ Ըստ ամենայնի՝ Կրեմլում կարծում են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր կհանգեցնի պատժամիջոցների մեղմացման։
Լրատվամիջոցի աղբյուրներից մեկը նշել է, որ տնտեսական խթանների վրա հիմնված ռազմավարությունը երկրորդ պլան է մղվել, իսկ ԱՄՆ-ն անցել է բանակցությունների «ավելի ավանդական» մոտեցման, որի հիմքում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքն է։
Ամերիկացի պաշտոնյան, որին դիմել է FT-ը մեկնաբանությունների համար, թերթի տեղեկությունները «ոչ ճշգրիտ» է որակել։
«Մենք ձևավորում ենք բանակցային մեր ուղղությունները և դրանց մասին կհայտարարենք, երբ պատրաստ լինենք։ Տնտեսական խթանները շարունակում են մնալ այդ գործընթացի տարրերից մեկը»,- ասել է նա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի