Ի՞նչ կապ ունի «Слово пацана» սերիալը 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքի հետ. ծնողները մտահոգված են

9-րդ դասարանի աշակերտների որոշ ծնողներ մտահոգություն են հայտնել, որ 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում (էջ 143, 17-րդ առաջադրանք) որպես տնային առաջադրանք հանձնարարվում է դիտել «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և այդ մասին կարծիք գրել, այն դեպքում, երբ այդ սերիալն ունի 18+ տարիքային սահմանափակում, քանի որ այնտեղ առկա են դաժանության, բռնության, փողոցային քրեական ենթամշակույթի, ծեծկռտուքների, ալկոհոլի և անչափահասների նկատմամբ բռնության տեսարաններ։

Ծնողներից մեկը գրել էր, որ այն ոչ միայն անթույլատրելի է 14–15 տարեկան դպրոցականի համար, այլ դասագրքի մակարդակով ներկայացվում է որպես ուսումնական նյութ՝ «օրենքի և անչափահասների պատասխանատվության» թեմայի շրջանակում: Նա տարակուսանք էր հայտնել՝ ի՞նչ տրամաբանությամբ է 18+ բովանդակությամբ, բռնության և քրեական ռոմանտիզմի տեսարաններով սերիալը հայտնվում 9-րդ դասարանցու դասագրքում, և ինչո՞ւ է պետական դասագիրքը դեռահասին ուղղորդում դեպի 18+ բովանդակություն: Սոցցանցերում օգտատերերից ոմանք նույնիսկ հումոր են անում՝ իսկ Գոռ Վարդանյանի ֆիլմերը մանկապարտեզի ծրագրո՞ւմ են:

Ատոմ Մխիթարյան

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը հետևյալը նշեց. «Սա ուղղակի անթույլատրելի է. մի կողմից ցույց է տալիս ԿԳՄՍ նախարարության և համապատասխան կառույցների անգործությունը, անտեղյակությունը, թե ինչ է կատարվում դասագրքերում, մեր դպրոցներում և կրթական համակարգում, մյուս կողմից՝ համակարգված բռնություն է քարոզվում և ատելության խոսք, որը տարածվում է ամբողջ հասարակության մեջ, այդ թվում՝ նաև դպրոցական դասագրքերի միջոցով:

Մեր հասարակության մոտ տասնամյակներով կարծիք է ձևավորվել, որ կրթական համակարգը դաստիարակության վայր է, որտեղ լավն են ցույց տալիս, ընդօրինակելին: Մինչդեռ պարզվում է, որ մեր հասարակությունը սխալվել է, բազմաթիվ ծնողներ բողոքում են, որ դպրոցը ևս դարձել է վտանգավոր վայր երեխաների դաստիարակության համար»:

Թեմայի վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի մեկնաբանությունն ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment