2026 թվականի առաջին կեսին խարդախները Մեծ Բրիտանիայի բնակիչներից հափշտակել են 659 մլն ֆունտ ստեռլինգ (863 մլն դոլար)։ Այդ գումարից 316 մլն ֆունտ ստեռլինգը (414 մլն դոլար) գողացվել է արհեստական բանականության կիրառմամբ։ Այս մասին գրում է Financial Times-ը (FT)։
Արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող այն խարդախությունների թիվը, որոնց հետևանքով հաճախորդներից առանց նրանց համաձայնության գումարներ են գանձվել, աճել է 22%-ով։ Այս եղանակով հափշտակված միջոցների ծավալը գերազանցել է 400 մլն դոլարը։
Ներդրումային խարդախություններից պատճառված վնասը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29%-ով՝ հասնելով 165 մլն դոլարի։ Միջին հաշվով յուրաքանչյուր տուժած կորցրել է շուրջ 21 հազար դոլար։
Գնումների ընթացքում իրականացվող խարդախությունների հետևանքով պատճառված վնասներն աճել են գրեթե մեկ քառորդով՝ հասնելով 86 մլն դոլարի։ Սա առավելագույն ցուցանիշն է` 2020 թվականից ի վեր, երբ սկսվել է համապատասխան վիճակագրության վարումը։
Մեծ Բրիտանիայի բանկերի ոլորտային ասոցիացիայի՝ UK Finance-ի խարդախությունների դեմ պայքարի քաղաքականության և գործառնությունների գծով տնօրեն Նինա Քերքեզը հայտնել է, որ կազմակերպված հանցավոր խմբավորումները կիրառում են արհեստական բանականությունը՝ «վստահելիության պատրանք ստեղծելու» և զանգվածաբար ավելի կատարելագործված բովանդակություն արտադրելու համար։
Նրա խոսքով՝ նման շորթման փորձերն ավելի հաճախ իրականացվում են ոչ թե մարդկանց, այլ ավտոմատացված համակարգերի միջոցով։ Հանցագործներն օգտագործում են արհեստական բանականության գործակալներ՝ հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ զանգվածաբար ուղարկելու, ինչպես նաև ավտոմատացված ձայնային զանգեր կատարելու համար։
Barclays բանկի հետազոտությունը ցույց է տվել, որ Միացյալ Թագավորության չափահաս բնակիչների 78%-ը կարծում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը խարդախության սխեմաներն ավելի համոզիչ է դարձրել։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցներից միայն յուրաքանչյուր երրորդն է վստահ, որ կարող է բացահայտել նեյրոցանցերի միջոցով ստեղծված խաբեությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։