Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում եղած աղմուկ հանած առաջադրանքի վերաբերյալ ծնողների ահազանգին և ընդհանրապես դասագրքերի խնդրին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նշեց. «Նորից պիտի հաստատեմ տարիներ շարունակ բարձրաձայնած մտահոգությունս, թե դասագրքաստեղծությունն ինչ պատասխանատու գործընթաց է, և դրան ինչ անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում համապատասխան կառույցը։ Ու միևնույն ժամանակ ինչ անդրդվելի է մնում «իրական Հայաստանի» կեղծ և ապազգային գաղափարախոսության հանրահռչակման հանձնառության մեջ»։
Լիլիթ Գալստյանը նաև ընդգծեց. «Слово пацана» հեռուստասերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում։ Աներկբա է, որ սյուժեում ներկայացվող քրեական ենթամշակույթը, խմբակային բռնությունը, ուժի պաշտամունքը, վախի միջոցով հեղինակություն ձեռք բերելը և հանցավոր խմբերի ներքին «պատվո կանոնները» կարող են դեռահասների կողմից ընկալվել որպես վարքագծի ընդունելի կամ նույնիսկ գրավիչ մոդելներ։ Դժվարանում եմ ասել, թե սա ինչ չափորոշիչով է պայմանավորված․․․14–15 տարեկանի երեխաները դեռևս չունեն բավարար քննադատական մտածողություն՝ էկրանին ներկայացվող իրականությունն ու գեղարվեստական դրամատիզացիան հստակ տարանջատելու համար։ Հետևաբար, քրեական աշխարհի կանոնների, բռնության, հաշվեհարդարի և ուժի միջոցով խնդիրներ լուծելու մոտեցումների ռոմանտիկացումը կարող է նպաստել դրանց նորմալացմանը։
Պարզապես անընդունելի է, երբ նման բովանդակությունը ոչ միայն հասանելի է դառնում դեռահասներին, այլև ներկայացվում է որպես պարտադիր կամ հանձնարարելի դիտման նյութ։ Իսկ մինչ այդ ԿԳՄՍ-ն կրկնակի կամ անկախ փորձաքննություն կազմակերպելու փոխարեն՝ հանրակրթական հաստատություններից հեռացնում է փառքի անկյուններն ու պատերից ջնջում հերոսների նկարները։ Ամոթ և ոչ պրոֆեսիոնալիզմ, այլ պատասխան չունեմ․․․»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: